Սոչիի հանդիպումը չի կարելի անվանել բեկումնային կամ ճակատագրական, իսկ հայտարարության մեջ միակ ուշագրավ կետը ռուս խաղաղապահների մասին պարբերությունն էր, այն էլ՝ առանց Ղարաբաղի հիշատակման։ Այս մասին նոյեմբերի 1-ին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ նախկին վարչապետ, խորհրդարանի նախկին խոսնակ Խոսրով Հարությունյանը։
Նրա գնահատմամբ՝ կողմերն ընդունել են, որ ռուսական կոնտինգենտի ներկայությունը խաղաղության եւ կայունության երաշխիք է։ Նա ընդգծեց, որ սա այն փոխզիջումն է, որը Ռուսաստանին հաջողվել է հասնել Ադրբեջանից։ «Սա Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ որակապես նոր հարաբերությունների ձեւավորմանն ուղղված առաջին քայլն էր, հարաբերություններ, որոնք հիմնված են իրողությունների վրա եւ պետք է պայմանավորված լինեն կողմերի երկարաժամկետ շահերով»,- հավելեց Հարությունյանը։
Ընդդիմադիր քաղաքական գործչի կարծիքով՝ հանդիպմանը եւ Ռուսաստանը եւ Հայաստանը եւ Ադրբեջանը առաջին անգամ փակ դռների հետեւում բաց տեքստով են խոսել միմյանց հետ։ Նախկին վարչապետը հիշեցրեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքերն այն մասին, որ հայտարարության տեքստից շատ կետեր հանվել են, ինչը վկայում է, որ սուր քննարկումներ են տեղի ունեցել ամենահրատապ եւ առաջնահերթ խնդիրների շուրջ։
«Հայտարարության տեքստից եւ Պուտինի խոսքերից կարելի է եզրակացնել, որ շատ բան չի հաջողվել համաձայնեցնել։ Խոսքը ոչ միայն միջանցքի, այլեւ Ղարաբաղի մասին է»,- պարզաբանեց Հարությունյանը։
Նա ընդգծեց, որ այս հանդիպման ընթացքում ի տարբերություն հետպատերազմյան շրջանի մյուս հանդիպումների կողմերը փորձել են հստակեցնել իրենց մոտեցումները կարճաժամկետ եւ երկարաժամկետ հեռանկարում յուրաքանչյուրին հետաքրքրող հարցերի վերաբերյալ։ «Որպեսզի բանակցային գործընթացը չձախողվի, կողմերը ձեռնպահ են մնացել կոնկրետ հայտարարություններից։ Ուստի վերջնական տեքստը բավականին անորոշ եւ ոչինչ չասող է ստացվել»,- եզրափակեց նա։
Արամ Դանիելյան





























