Բեռլինը Սերբիային կոչ է անում ընտրություն կատարել ԵՄ-ի եւ Ռուսաստանի միջեւ։ Սերբիան պետք է որոշի՝ ուզում է անդամակցել Եվրամիությանը, թե Ռուսաստանի հետ գործընկերության մեջ մտնել։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի կառավարության ներկայացուցիչը, փոխանցում է Reuters-ը։
«Որոշում ընդունելու անհրաժեշտությունը դառնում է կրիտիկական՝ կապված աշխարհաքաղաքական իրադարձությունների հետ»,- ասել է նա։
Նրա խոսքով, Սերբիայի եւ Ռուսաստանի միջեւ համագործակցության ընդլայնման մասին համաձայնագիրը զարմանքով ու հիասթափությամբ է ընդունվել եւ չի համապատասխանում այն ակնկալիքներին, որ ԵՄ թեկնածուները նույնպես պետք է ընդունեն Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցները։
Սերբիան, որը անդամակցության թեկնածու է 2012-ից, սեպտեմբերին որոշել է կանոնավոր արտաքին քաղաքական խորհրդակցություններ անցկացնել Ռուսաստանի հետ՝ երկկողմ եւ բազմակողմ գործունեության վերաբերյալ: Այս քայլը սուր քննադատության է արժանացել ԵՄ-ի կողմից:
Եթե Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը որոշի իր երկիրը տանել Եվրամիության ուղղությամբ, ապա կստանա Գերմանիայի կառավարության աջակցությունը, ասել է նա՝ հավելելով․ «Եթե նա որոշի գնալ այլ ճանապարհով, դա հակառակ հետեւանքները կունենա»։





























