Հակամարտությունների քաղաքական-դիվանագիտական կարգավորման ցանկացած գործընթացում, հատկապես այնպիսի լայնածավալ եւ երկարաժամկետ գործընթացներում, ինչպիսին հայ-ադրբեջանականն է, պետք է վախենալ բեկումներից։ Շատ մանրակրկիտ, տքնաջան, խնամքով աշխատանք է պետք, բոլոր կողմերի միջեւ երկխոսություն է պետք։ Այս մասին նոյեմբերի 1-ին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ռուս քաղաքագետ Ֆյոդոր Վոյտոլովսկին՝ մեկնաբանելով Սոչիում Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հանդիպման արդյունքները։

Հանդիպումից փորձագետը առանձնացրեց երեք առավել կարեւոր արդյունք.

«1) Հենց հանդիպման կազմակերպման փաստը, որը վկայում է երկխոսությանը կողմերի պատրաստ լինելու մասին։

2) Կողմերը պարտավորվել են միմյանց դեմ ռազմական ուժ չկիրառել. Մինչ այդ մենք տեսանք, որ Ադրբեջանը երկար ժամանակ ակտիվորեն հենվում էր ուժային ռեսուրսի վրա թե՛ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության, թե՛ Հայաստանի հետ հարաբերություններում։

3) Միանշանակ արտահայտվեց բոլոր կողմերի դիրքորոշումը Ռուսաստանի խաղաղապահ դերի, Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում նրանց ներկայության վերաբերյալ»։

Վերոնշյալ կետերը, ըստ Վոյտոլովսկու, վճռորոշ նշանակություն ունեն խաղաղ կարգավորման հետագա գործընթացի համար։

«Իսկ հետագայում դա կլինի տքնաջան դիվանագիտական աշխատանք, որը պահանջում է կողմերի լռություն եւ երկխոսության պատրաստակամություն։ Ակնհայտ է, որ այսօր կա նման պատրաստակամություն»,- եզրափակեց քաղաքագետը։

 Արամ Դանիելյան