Վրաստանի պաշտպանության ուժերը, Եվրոպայում եւ Աֆրիկայում ԱՄՆ հրամանատարության հետ համատեղ, սկսել են նախապատրաստվել Agile Spirit-2023 («Ճարպիկ ոգի-2023») բազմազգ վարժանքներին, որոնք կանցկացվեն հաջորդ տարվա ամռանը, հայտնում է «Նովոստի Գրուզիան»։
Այն երկու տարին մեկ Վրաստանի պաշտպանության ուժերի եւ Եվրոպայում ու Աֆրիկայում ԱՄՆ բանակի համատեղ ղեկավարությամբ անցկացվող համատեղ բազմազգ զորավարժություն է: Վարժանքներին սովորաբար մասնակցում են դաշնակից եւ գործընկեր ուժերի զինծառայողները։ Դրանք են՝ Վրաստանը (ընդունող երկիր), Էստոնիան, Գերմանիան, Լատվիան, Լիտվան, Լեհաստանը, Ռումինիան, Իսպանիան, Թուրքիան, Ուկրաինան, Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ը, Կանադան, Իտալիան եւ Ադրբեջանը:
Զորավարժությունների նախապատրաստման համաժողովը Վրաստանում կտեւի մեկ շաբաթ։ Վրացական եւ ամերիկյան զինված ուժերը կսահմանեն վարժանքների անցկացման ճշգրիտ ամսաթիվը, մանեւրների տարածքը եւ դրանց մասնակցող երկրների թիվը։
Վրաստանը Agile Spirit-ն արդեն 11-րդ անգամ է հյուրընկալում, վրացական կողմից այն կղեկավարի Պաշտպանության ուժերի արեւմտյան հրամանատարությունը։
Agile Spirit զորավարժությունները անցկացվում են 2011 թվականից եւ ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի հետ Վրաստանի համագործակցության բաղադրիչներից մեկն են։ Այս զորավարժությունների շրջանակներում զինվորականները վերապատրաստվում են միջազգային խաղաղապահ առաքելություններին մասնակցելու համար:
Agile Spirit զորավարժությունների նպատակը ստորաբաժանումների պատրաստվածությունը պահպանելն ու բարձրացնելն է, ցամաքային զորքերի համատեղելիության բարելավումը։
Վերջին անգամ Agile Spirit զորավարժությունները Վրաստանում անցկացվել են 2021 թվականի հուլիս-օգոստոս ամիսներին։ Դրանցում ներգրավված են եղել ավելի քան 2500 զինվորականներ Ադրբեջանից, Մեծ Բրիտանիայից, Գերմանիայից, Վրաստանից, Իսպանիայից, Իտալիայից, Կանադայից, Լատվիայից, Լիտվայից, Լեհաստանից, Ռումինիայից, ԱՄՆ-ից, Թուրքիայից, Ուկրաինայից եւ Էստոնիայից։ Զորավարժություններն անցկացվել են Սենակիի, Օրֆոլոյի եւ Վազիանիի զորամասերում։





























