Իրանի գյուղատնտեսության նախարար Սադեղ Խալիլիանի հրավերով սեպտեմբերի 3-5-ին Իրանում կգտնվի ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի գլխավորած պատվիրակությունը:

Գյուղնախարարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ այցի ընթացքում երկու երկրների նախարարները կքննարկեն գյուղատնտեսության բնագավառում երկկողմ համագործակցության հետագա հարցեր: Մասնավորապես ուշադրության կենտրոնում կլինեն համագործակության հնարավորությունները երկրագործության, անասնապահության, բուսաբուծության ոլոտներում:

Հանդիպման ընթացքում կստորագրվի ՀՀ  եւ ԻԻՀ  գյուղատնտեսության նախարարությունների միջեւ համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր:

Նախատեսված է ՀՀ գյուղատնտեսության նախարարի գլխավորած պատվիրակության այցը Քարաջի գյուղատնտեսական բիոտեխնոլոգիական ձեռնարկություն, տնկարան եւ ջերմոցային տնտեսություն: Իրանի  Ղոմ նահանգ կատարելիք ացի ընթացքում Սերգո Կարապետյանը կլինի գյուղանտեսական ձեռնակություններում եւ գիտահետազոտական հաստատություններում: Նախատեսվում է նաեւ այցելություն Արեւելյան Ատրպատական նահանգ, որտեղ ՀՀ գյուղատնտեսության նախարարը կհանդիպի նահանգապետ Ալի Ռեզա Բեյգիի հետ: Պատվիրակության անդամները կայցելեն Թավրիզի տրակտորաշինական գործարան եւ նահանգի այլ գյուղատնտեսական ձեռնարկություններ:

Հայաստանում գյուղատնտեսության ոլորտոմ ներդրումներ կատարելու նպատակով` Սերգո Կարապետյանը կհանդիպի Իրանի գյուղատնտեսության բնագավառի գործարար ներկայացուցիչների հետ: ՙԱրարատ՚ ակումբում գյուղատնտեսության նախարարը կհանդիպի հայ համայնքի ներկայացուցիչներին:ԻԻՀ կատարելիք այցելությունից հետո Սերգո Կարապետյանի գլխավորած պատվիրակությունը կլինի Մեղրիի տարածաշրջանում, որտեղ կհետեւի գյուղանտեսական աշխատանքների ու Մեղրիի պահածոների գործարանի վերաբացման ընթացքին: