Թուրքիայում վաղ նախազգուշացման ռադարի տեղակայումն ուղղված է Իրանի, ինչպես նաեւ, հնարավոր է, Ռուսաստանի դեմ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց թուրքագետ Արտակ Շաքարյանը` նկատելով, որ նման ռադարները դուրս են բերվել Չեխիայից եւ Լեհաստանից:

«Թուրքիան տարիներ շարունակ արաբական եւ մահմեդական աշխարհում մահմեդականների իրավունքների պաշտպանի դեր է խաղացել, սակայն ի վերջո ակնհայտ դարձավ, որ այդ երկիրն Արեւմուտքի շահերի պաշտպանն է: Համաձայնելով ռադարի տեղակայմանը, ինչն ինքնին հակաիրանական եւ իսրայելամետ քայլ է, Թուրքիան ցույց է տալիս իր իրական դեմքը»,- նշեց թուրքագետը:

Շաքարյանի կարծիքով,  թեեւ Անկարան Թել Ավիվի հետ հարաբերությունները նավազագույնի է հասցնում եւ  «սառեցնում է» համագործակցությունը ռազմական եւ առեւտրային նախագծերի մասով, թուրք-իսրայելական հարբերությունները ռազմավարական են: Եւ որքան էլ Թուրքիան ու Իրանը միմյանց նկատմամբ բարեկամական հարաբերություններ ցույց տան, նրանք շարունակում են մրցակիցներ մնալ:

Թուրքագետը նաեւ նշեց, որ Թուրքիայի բոլոր քայլերն ուղղված են մահմեդական աշխարհում առաջատար դիրք ունենալուն: Ապացույցն այն է, որ արաբական աշխարհում ցանկացած իրադարձության ժամանակ Թուրքիան սկսում  է միջամտել որպես միջնորդ. «Եթե արտերկրում խախտվում են արաբների շահերը,  ի պաշտպանության նրանց կրկին հանդես է գալիս Թուրքիան: Ու պետք է խոստովանել, որ Թուրքիային գրեթե հաջողվել է ստանձնել լիդերությունը: Ի վերջո Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն մտադիր է արաբական աշխարհը նվաճել ոչ թե զենքով, այլ մշակութային էքսպանսիայի միջոցով` նեոօսմանիզմի գաղափարախոսության համաձայն»:

NEWS.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ Թուրքիայում տեղակայվելու են հրթիռային հարձակման սպառնալիքի մասին վաղ նախազգուշացման ռադարներ` ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի կողմից ՀՀՊ համակարգի ստեղծման շրջանակում: Ռադարի տեղակայման մասին որոշումն ընդունվել էր անցյալ տարի Լիսաբոնում կայացած ՆԱՏՕ-ի համաժողում, եւ Թուրքիան ծրագրի հենց սկզբից աջակցել է նախաձեռնության իրականացմանը: