Ընթացիկ տարվա իրադարձությունները ցույց տվեցին, որ ՀԱՊԿ-ին անհրաժեշտ է օպտիմալացնել ճգնաժամային իրավիճակներին արձագանքման մեխանիզմը, այս հարցի վերաբերյալ փաստաթղթերի փաթեթը պատրաստ է եւ համաձայնեցվում է։ Հինգշաբթի ԱՊՀ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների նիստում այս մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Ընթացիկ տարում մեր կազմակերպության պատասխանատվության գոտում տեղի ունեցած իրադարձություններն ու միջադեպերը ցույց են տվել ճգնաժամային իրավիճակներին ՀԱՊԿ արձագանքման մեխանիզմի օպտիմալացման անհրաժեշտությունը։
ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների հանձնարարությամբ այս հարցի վերաբերյալ փաստաթղթերի համապատասխան փաթեթը պատրաստ է եւ համաձայնեցվում է»,- ասել է նա։
Սեմերիկովն ընդգծել է, որ աշխարհակարգի տրանսֆորմացիայի ներկա ժամանակաշրջանը դարձել է միության պետությունների վճռականության ամենալուրջ փորձությունը։ Նրա խոսքով, Արեւմուտքը Կիեւին մղում է հակամարտության խորացման՝ չնայած ուկրաինական կողմի բոլոր կորուստներին, սակայն ՀԱՊԿ պատասխանատվության գոտում լարվածության այլ օջախները նույնպես աջակցվում եւ թեժացվում են։ Այսպես, պահպանվում է Հայաստանի եւ Ադրբեջանի, ինչպես նաեւ Ղրղըզստանի եւ Տաջիկստանի միջեւ էսկալացիայի ու առճակատման վտանգը, նշել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալը։





























