Աշխարհաքաղաքականությունը, այդ թվում՝ Ուկրաինայում պատերազմը, հուլիսին հանգեցրել է ավելի ավերիչ եւ լայնածավալ կիբերհարձակումների: Այս մասին ասվում է կիբերանվտանգության եվրոպական ENISA գործակալության տարեկան զեկույցում։

ENISA-ի հետազոտությունն արտացոլում է մտահոգությունները պետական սուբյեկտների դերի եւ կառավարության, ընկերությունների ու հիմնական ոլորտների՝ էներգետիկայի, տրանսպորտի, բանկային գործի եւ թվային ենթակառուցվածքի հանդեպ սպառնալիքների համար:

Գործակալությունը հայտարարել է, որ աշխարհաքաղաքական իրավիճակը, մասնավորապես՝ Ուկրաինայում պատերազմը, փոխել են խաղի կանոնները դիտարկվող ժամանակահատվածում, հայտնում է Reuters-ը։

Զրոյական օրվա շահագործումները, որոնք օգտագործում են հաքերները, ինչպես նաեւ արհեստական բանականությամբ ապատեղեկատվությունը եւ ֆեյքերը հանգեցրել են ավելի չարանպատակ եւ լայնածավալ հարձակումների՝ ավելի ավերիչ ազդեցության, ասվում է հաղորդագրության մեջ:

«Այսօրվա գլոբալ համատեքստն անխուսափելիորեն լուրջ փոփոխություններ է առաջացնում կիբերանվտանգության սպառնալիքի լանդշաֆտում: Նոր պարադիգմը ձեւավորվում է սպառնալիքների մասնակիցների աճող ֆոնդի միջոցով»,- ասում է ENISA-ի գործադիր տնօրեն Յուհան Լեպասաարը:

Զեկույցում ասվում է, որ կիբերհարձակումների մոտ 24 տոկոսն ուղղված է եղել պետական կառույցներին եւ կառավարություններին, իսկ 13 տոկոսը՝ թվային ծառայություններ մատուցողներին։

Մայիսին Եվրամիությունը պայմանավորվել է առանցքային ոլորտների համար կիբերանվտանգության ավելի խիստ կանոնների մասին, որոնցից ընկերությունները պետք է գնահատեն իրենց ռիսկերը, տեղեկացնեն իշխանություններին եւ միջոցներ ձեռնարկեն ռիսկերը լուծելու համար, հակառակ դեպքում կենթարկվեն տուգանքների մինչեւ 2 տոկոսի չափով համաշխարհային շրջանառության: