Սեպտեմբերի 2-ին ԱՄՆ 3-րդ օդուժի (Ռամշտեյնի oդային բազա) փոխհրամանատար գեներալ-լեյտենանտ Մարկ Զամզոուն եւ ԱՄՆ դեսպանության ռազմական համագործակցության գրասենյակը  ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի, Սասնաշենի համայնքապետ Անդրանիկ Շամոյանի եւ Սասնաշենի բնակիչների հետ միասին մասնակցել են հայկական հողում ընկած C-130 օդանավի օդաչուների հիշատակին նվիրված միջոցառմանը:

ԱՄՆ դեսպանատան մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ միջոցառումն անցկացվել է զոհվածների հիշատակին կառուցված հուշարձանի մոտ, որը գտնվում է վթարի վայրին հարող բարձունքի վրա:

Միջոցառմանը ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի անունից ելույթով հանդես է եկել գեներալ-լեյտենանտ Զամզոուն, նշելով. «Ես անչափ զգացված էի` իմանալով, որ Սասնաշենի բնակիչները դեռ հիշում են այդ դեպքը եւ 1958թ. ի վեր ամեն տարի հիշատակի տուրք են մատուցում այդ օրը զոհված օդաչուներին… Այն, թե դուք ինչպես եք կազմակերպում այս հիշատակի միջոցառումը, ինչպես եք պահպանում այս հուշարձանը, փաստում է, թե ինչքան ամուր է ձեր համայնքը»:

Միջոցառմանը մասնակցել են Սասնաշենի բազմաթիվ բնակիչներ: Դպրոցականները հուշարձանի մոտ են եկել հայկական ու ամերիկյան դրոշներով:

Ըստ տեղացիների պատմածի` օդաչուները վերջին պահին հասցրել են փոխել ինքնաթիռի ընթացքի ուղղությունը, որպեսզի ընկնելիս այն վնաս չտա համայնքի քաղաքացիական բնակչությանը: «Այս վերջին խիզախումը օդաչուների ներքին մղումն էր, եւ ի վերջո դա այն էր, ինչը տվյալ պարագայում ճիշտ քայլ էր», - ասել է գեներալ-լեյտենանտ Զամզոուն: