Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը սեպտեմբերի 2-ին մասնակցել է Դուշանբեում կայացած ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի նիստին, որը տեղի է ունեցել կազմակերպության 20-ամյա հոբելյանի միջոցառումների շրջանակում: NEWS.am-ին այս մասին հայտնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից։

Նիստի օրակարգը ներառել է ԱՊՀ եւ կազմակերպության շրջանակներում գործող ոլորտային համագործակցության կառույցների գործունեությանն առնչվող շուրջ երկու տասնյակ հարցեր, այդ թվում` իրավապահ եւ անվտանգության մշակութային, միգրացիոն ոլորտում փոխգործակցությանը։

Հանդիպման մասնակիցները մտքեր են փոխանակել «ԱՊՀ քսանամյա  գործունեության արդյունքները եւ հեռանկարային խնդիրները» խորագրով վերլուծական զեկույցի վերաբերյալ, որտեղ գնաhատված է կազմակերպության շրջանակներում անվտանգության, տնտեսական, հումանիտար եւ մյուս առաջնահերթ ուղղություններով համագործակցության քսանամյա փորձը եւ ձեւակերպված են ԱՊՀ հետագա ամրապնդման նպատակով ձեռնարկվելիք քայլերը:

Նախարարներն անդրադարձել են նաեւ մի շարք բնագավառներում համագործակցության վերաբերյալ համաձայնագրերում լրացումներ կատարելու առաջարկություններին:

Նիստին ԱՊՀ երկրների արտգործնախարարները քննարկել եւ հաստատել են պետությունների ղեկավարների խորհրդի նիստի օրակարգը եւ քննարկվելիք հարցերը, հավանություն տվել փաստաթղթերին, որոնք ներկայայացվելու են սեպտեմբերի 3-ին կայանալիք ԱՊՀ Պետությունների ղեկավարների խորհրդի նիստին: