Իսրայելի հետ հարաբերությունները փչացնելու համար Թուրքիան հարմար պահի էր սպասում՝ ի դեմս Գազայի հատված ուղեւորվող նավատորմի հետ պատահած միջադեպի։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Ռուսաստանի Մերձավոր Արեւելքի ինստիտուտի փորձագետ Եվգենի Սատանովսկին։
Նշենք, որ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն այսօր հայտարարել էր, թե Անկարան նվազագույնի է հասցնում Թել Ավիվի հետ դիվանագիտական հարաբերությունները, եւ Իսրայելում գտնվող Թուրքիայի դիվանագիտական անձնակազմն ամենաուշը մինչեւ սեպտեմբերի 7-ը կվերադառնա հայրենիք։ Որպես պատճառ նշվել էր «Ազատության նավատորմի» հետ կապված հայտնի միջադեպը։
«Թուրքիան հավակնում է դառնալ տարածաշրջանային իսլամական գերտերություն,եւ դրա համար երկու ճանապարհ կա. կամ շատ աշխատել եւ մեծ գումարներ վատնել, կամ վատացնել Իսրայելի հետ հարաբերությունները»,- հայտարարեց փորձագետը։
Նրա խոսքով, Թուրքիայի իսլամացման քաղաքականության մասին վկայում են նաեւ մարտյան հանրաքվեից հետո Սահմանադրությունում կատարված փոփոխությունները։
Անդրադառնալով ԱՄՆ-ի հետ Թուրքիայի համաձայնագրին՝ իր տարածքում իրանական հթիռների դեմ ամերիկյան ռադարներ տեղակայել, Սատանովսկին նշեց, որ Անկարան ունի Իրանի հետ հարաբերությունները փչացնելու իր պատճառները։ «Հարյուրամյակներ շարունակ Օսմանյան կայսրության եւ Պարսկաստանի շահերը բախվել են, եւ Սիրիայում առկա իրավիճակը երկու կողմերի միջեւ կրկին հակամարտություն է ծնել։
Եթե թուրքական ղեկավարությունը նախկինում Դամասկոսին հաճելի բաներ էր ասում, հանում վիզային ռեժիմը, ապա այժմ լիարժեքորեն ընդունել է Արեւմուտքի երկների դիրքորոշումը»,- ասաց Սատանովսկին։


























