Թուրքական իշխանությունների որոշումը՝ Իսրայելից հետ կանչել դիվանգիտական անձնակազմին եւ սառեցնել այդ երկրի հետ ռազմական ծրագրերը, անակնկալ չէր. թուրք իրականության մեջ իշխող վերջին օրերի տրամադրությունները բացահայտ խոսում էին նման քայլի հավանականության մասին։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց Ստամբուլում լույս տեսնող «Ակոս» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Ռոբեր Քոփթաշը:

Նրա խոսքով, Իսրայելի հետ հարաբերությունները սառեցնելու թուրքական իշխանությունների որոշումը սպասելի էր։ «Երկու երկրների հարաբերությունների համար դժվար օրեր են սկսվում, սակայն կարծում եմ, որ սա վերջնական թշնամացում չէ, որովհետեւ Թուրքիայի եւ Իսրայելի հարաբերությունները միշտ էլ կարեւոր են եղել նրանց իսկ համար։ Կարծում եմ՝ իրավիճակը մոտ ժամանակներս կմեղմանա։ Միջազգային հանրությունը եւս, գուցե նաեւ ճնշումների ճանապարհով, կնպաստի երկու երկրների հարաբերությունների կարգավորմանը։ Մի խոսքով, պահը ճգնաժամային է, սակայն չի կարելի ասել, որ վերջին խոսքն ասված է»,- նկատեց Ռոբեր Քոփթաշը։

Նշենք, որ Անկարան նվազագույնի է հասցնում Թել Ավիվի հետ դիվանագիտական հարաբերությունները եւ «սառեցնում» ռազմական ու առեւտրային նախագծերով համագործակցությունը։ Այս մասին  այսօր՝ սեպտեմբերի 2-ին, հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն։

Նա նշել է, որ Անկարայի եւ Թել Ավիվի միջեւ հարաբերությունները չեն վերականգնվի, քանի դեռ Իսրայելը Թուրքիայից ներողություն չի խնդրել։

Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, թե Իսրայելում գտնվող Թուրքիայի դիվանագիտական անձնակազմը ամենաուշը մինչեւ սեպտեմբերի 7-ը կվերադառնա հայրենիք։ Դավութօղլուն շեշտել է, թե մինչեւ սեպտեմբերի 7-ը Իսրայելում գտնվող թուրք դիվանագետները, բացի 2-րդ կարգի քարտուղարից, կվերադառնան Թուրքիա։ Նախարարը շեշտել է, թե Իսրայելի հետ կնքված միլիոնավոր դոլարների ռազմական ծրագրերն էլ առկախվելու են։

Հիշեցնենք, որ Թուրքիայի եւ Իսրայելի միջեւ հարաբերությունները կտրուկ սրվել էին հենց «Ազատության նավատորմի» հետ պատահած միջադեպից հետո։ Միջադեպը գրանցվել էր 2010 թվականի մայիսի 31-ին։ Այդ գրոհից հետո Անկարան հայտարարել էր Թել Ավիվի հետ հարաբերությունները վերանայելու մասին եւ պահանջել էր պաշտոնապես նորողություն խնդրել իրենից, ինչպես նաեւ զոհվածների ընտանիքներին  փոխհատուցում վճարել։ Իսրայելը կտրականապես հրաժարվել էր ներողություն խնդրել։