ԱՄՆ Պետդեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյան ասլ է, որ «Մեծ յոթնյակի» երկրներն ավելի ու ավելի են գիտակցում նախագահ Սի Ծինփինի վերջնական հավակնություններն ու դրան ուղղված համակարգված պատասխանի անհրաժեշտությունը, հաղորդում է Reuters լրատվական գործակալությունը:
G7-ի բարձրաստիճան դիվանագետների բանակցությունները համընկել են Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի՝ Պեկին մեկօրյա այցի հետ։ Նրա այցը վրդովմունք է առաջացրել ինչպես Բրյուսելում, այնպես էլ ԱՄՆ-ում։ Չինաստանը, վերջին 6 տարիների ընթցաքում, Գերմանիայի ամենամեծ առեւտրային գործընկերն է եղել. առեւտրի ծավալները 2021 թվականին հասել են ավելի քան 245 միլիարդ եվրոյի:
«Այն, ինչ մենք տեսնում ենք վերջին 18 ամիսների ընթացքում, Չինաստանի վերջնական ռազմավարության վերաբերյալ տեսակետների աճող սերտաճում է ինչպես ներքին, այնպես էլ գլոբալ մակարդակում», - ասել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը՝ շեշտելով, որ, իր կարծիքով, կուսակցության համագումարից հետո բոլորը հասկացել են, թե որն է նախագահ Սիի հավակնությունը եւ դրան համակարգված պատասխան տալու անհրաժեշտությունը։
Միեւնույն ժամանակ, Եվրամիության արտաքին քաղաքականության պատասխանատու Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ ընդունում է Չինաստանի աճող ինքնավստահությունը, սակայն զգուշացրել է, որ այն չպետք է դասվի Ռուսաստանի հետ նույն կատեգորիայի մեջ:
«Ակնհայտ է, որ Չինաստանը… դառնում է շատ ավելի ինքնավստահ, սակայն այս պահին շատ անդամ երկրներ ամուր տնտեսական հարաբերություններ ունեն Չինաստանի հետ, եւ ես չեմ կարծում, որ մենք կարող ենք Չինաստանին եւ Ռուսաստանին նույն մակարդակի վրա դնել», - ասել է Բորելը:
ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչը ընդգծել է, որ գործընկերները համաձայն են, որ G7-ը պետք է ուժեղացնի առանձին երկրների կողմից մշակված Չինաստանի վերաբերյալ տարբեր ռազմավարությունների համակարգումը։
«Կարծում եմ՝ սա կլինի այս խմբի ուշադրության կենտրոնում՝ հաշվի առնելով հաջորդ տարի G7-ում Ճապոնիայի նախագահությունը», - ասել է նա:
Ճապոնական Sankei թերթն ուրբաթ օրը հաղորդել է, որ Ճապոնիայի եւ Չինաստանի կառավարությունները սկսել են ծրագրել Սի Ցզինպինի եւ Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդայի հանդիպումը, որը կկայանա նոյեմբերի կեսերին:





























