Պենտագոնի պաշտոնյաները ծրագրում են հանդիպել պաշտպանական արդյունաբերության ղեկավարների հետ՝ քննարկելու մատակարարման շղթայի խնդիրների լուծման ուղիները՝ ԱՄՆ դաշնակիցներից զենքի պահանջարկի ակնկալվող աճի պայմաններում, ինչը կապված է Ուկրաինայի պատերազմի հետ:

Պաշտպանության փոխնախարար Քեթ Հիքսը գաղտնի հանդիպում կանցկացնի ԱՄՆ պաշտպանության բարձրագույն կապալառուների հետ՝ քննարկելու ազգային պաշտպանության ռազմավարությունը, մատակարարման շղթաների ապահովումը եւ ռազմաարդյունաբերական բազայի ամրապնդումը, ներառյալ աշխատանքային խնդիրները, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով աղբյուրներին:

Պենտագոնի պաշտոնյաների շրջանում աճում է անհանգստությունն այն մասին, որ պաշտպանական սարքավորումների առաջատար ամերիկյան մատակարարներին սպառնում է սպառազինության պատվերների աճ եվրոպական երկրներից, ինչպիսիք են Գերմանիան եւ Լեհաստանը:

Նախորդ հանդիպումները Պենտագոնի պաշտոնյաների եւ զենք արտադրող առաջատար ընկերությունների, այդ թվում՝ Lockheed Martin Corp-ի, Raytheon Technologies Corp-ի եւ General Dynamics Corp-ի միջեւ, ուղղված էին Ուկրաինային եւ հիպերձայնային զենքի զարգացմանը:

Չնայած զենքերի նկատմամբ գլոբալ հետաքրքրությանը, ԱՄՆ-ի խոշոր զենք արտադրողները շարունակում են վկայակոչել աշխատաշուկայի խստությունը եւ մատակարարման շղթայի շարունակական խնդիրները՝ պայմանավորված կորոնավիրուսային համաճարակով:

«Մենք լսել ենք արդյունաբերության մտահոգությունները մատակարարման շղթայի եւ աշխատուժի խնդիրների վերաբերյալ, եւ կիսում ենք դրանք», - Reuters-ին ասել է Պենտագոնի զենքի գլխավոր գնորդ Բիլ Լա Պլանտեն:

Համաճարակի հետ կապված մատակարարման շղթայի խնդիրները շարունակում են վնասել պաշտպանական կապալառուներին, քանի որ բաղադրիչներն ու նյութերը ժամանակին չեն առաքվում՝ հետաձգելով արտադրությունը եւ, ի վերջո, վճարումը:

Պենտագոնը նախատեսում է առաջիկա տարիներին 500 միլիոն դոլար հատկացնել վերապատրաստման եւ պահպանման ծրագրերին, ինչպես նաեւ ավելի քան 2 միլիարդ դոլար մատակարարման շղթայի ներդրումներ՝ որպես խնդիրների լուծման ջանքերի մի մաս: