Մարդիկ, ովքեր կոչ են անում բոյկոտել Կատարում կայանալիք աշխարհի առաջնությունը, մի քանի երկրներից են, որոնք չեն ներկայացնում մնացյալ ողջ աշխարհը, որն անհամբեր սպասում է մրցաշարին: Այս մասին հայտնել է Reuters լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Կատարի արտաքին գործերի նախարար շեյխ Մուհամեդ բն Աբդուլռահման Ալ Թանիին։

Կատարը Մերձավոր Արեւելքի առաջին երկիրն է, որը հյուրընկալել է աշխարհի առաջնությունը, սակայն երկիրը վերջին տարիներին ենթարկվել է ինտենսիվ ճնշման՝ օտարերկրյա աշխատողների նկատմամբ վերաբերմունքի եւ սոցիալական սահմանափակող օրենքների պատճառով:

Երկրում մարդու իրավունքների վիճակը հանգեցրել է առաջնությունը բոյկոտելու կոչերի։

«Այս հարձակումներում կեղծավորություն կա՝ անտեսելով այն ամենը, ինչի մենք հասել ենք», - ասել է Շեյխ Մոհամմեդը Le Monde-ին: Նրա խոսքով, նման կոչեր անում են 10-ից քիչ թվով երկրներ, որոնք չեն ներկայացնում մնացած աշխարհը։

«Իրականությունն այն է, որ աշխարհն անհամբեր սպասում է այս տոնին: Վաճառվել է տոմսերի ավելի քան 97 տոկոսը»։

Իրավապաշտպան կազմակերպությունների կողմից տարիներ շարունակ ճնշում գործադրելուց հետո Կատարը փոխել է իր աշխատանքային օրենսդրությունը՝ վերացնելով իր «Կաֆալա» հովանավորչական համակարգի մեծ մասը՝ ազատելով աշխատողներին աշխատանք փոխելու կամ երկիրը լքելու վիզայի հովանավոր գործատուի թույլտվությունից:

Շեյխ Մոհամմեդը խոստովանել է, որ «դեռ կան թերություններ», որոնք փորձում են շտկել, սակայն նաեւ մեղադրել է այլ երկրներին՝ «երկակի ստանդարտների» համար։

«Կարծում եմ՝ կան մարդիկ, ովքեր համաձայն չեն, որ Մերձավոր Արեւելքի մի փոքր երկիր նման միջազգային միջոցառում է հյուրընկալում», - նշել է նա:

Աշխարհի առաջնության մեկնարկից երեք շաբաթ առաջ ՖԻՖԱ-ի ղեկավարությունը խմբերին հորդորել է կենտրոնանալ Կատարի մրցաշարի վրա եւ թույլ չտալ, որ սպորտը ներքաշվի գաղափարական կամ քաղաքական «մարտերի» մեջ: