Սպիտակ տունը փորձել է բացատրել Իրանի «ազատագրման» մասին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարությունը։ Պարզվել է, որ Բայդենը «համերաշխություն է հայտնել» ցուցարարներին, երբ քարոզարշավի ժամանակ ասել է, որ «մենք պատրաստվում ենք ազատագրել Իրանը», հաղորդում է CNN-ը՝ վկայակոչելով Սպիտակ տան ներկայացուցչին։

«Մի անհանգստացեք, մենք կազատագրենք Իրանը, նրանք շուտով կազատագրեն իրենք իրենց»,- ասել է Բայդենը՝ ելույթ ունենալով Կալիֆորնիայում։ Մեկ օր անց Սպիտակ տունը հայտարարել է, որ Բայդենը «աջակցում է բողոքի շարժմանը, այլ ոչ թե նոր մոտեցում ազդարարում »:

«Նա եւս մեկ անգամ մեր համերաշխությունն է հայտնել նրանց»,- ասել է Ազգային անվտանգության խորհրդի հաղորդակցության համակարգող Ջոն Քիրբին: Նրա խոսքով՝ Իրանի ղեկավարությունը «բախվում է խնդիրների, որոնք ինքն է ստեղծել»։

«Նախագահը բավականին պարզ է եղել այս հարցում… մենք կշարունակենք ուղիներ փնտրել՝ ռեժիմին պատասխանատվության ենթարկելու համար նրա համար, թե ինչպես է նա վերաբերվում սեփական ժողովրդին», - ասել է Քիրբինս:

Այնուամենայնիվ, նա նշել է, որ ԱՄՆ-ը իրանական ռեժիմի փոփոխության որեւէ նշան չի տեսնում՝ չնայած Բայդենի այն նկատառմանը, որ իրանցիները «շատ շուտով ազատ կլինեն»: