Թուրքիայի կողմից Սիրիայի դեմ սկսված կոշտ վերաբերմունքն ու սպառնալիքները նպատակ ունեն Եվրոպային եւ ԱՄՆ-ին ցույց տալ, որ Թուրքիան ի վիճակի է պայմաններ թելադրել Մերձավոր Արեւելքում։ Սեպտեմբերի 2-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը՝ շեշտելով, որ Թուրքիայի նման հավակնությունների հանդեպ չէր կարող անտարբեր մնալ Իրանը, որն անմիջապես մտավ զարգացումների մեջ՝ խորհուրդ տալով եւ հասկացնելով Թուրքիային՝ հեռու մնալ Սիրիայի հարցում արեւմուտքի շահերը ներկայացնելուց։

Հարցին, թե որքանո՞վ են Սիրիան եւ Իրանը PKK-ի դեմ պայքարում Թուրքիայի հետ, Իսպիրյանը պատասխանեց, որ Թուրքիան վերջին շրջանում հաջողությունների էր հասել՝ PKK-ի դեմ պայքարում համագործակցելով թե Իրանի, թե Սիրիայի հետ։

«Արաբական աշխարում տեղի ունեցած վերջին զարգացումներն ու Թուրքիայի կողմից Սիրիայի դեմ կիրառվող ճնշումները ստիպել են Իրանին եւ Սիրիային ձեւականորեն պահել Թուրքիայի հետ համագործակցության պայմանավորվածությունները։ Ավելին, Թուրքիայում վերջին շրջանում PKK-ի կողմից իրականացված արյունոտ գործողությունների արդյունքում փորձում են տեսնել Իրանին եւ Սիրիային։ Որոշ թուրք վերլուծաբաններ այս տեսակետը հիմնավորում են նաեւ Իրանի կողմից PKK-ի 2-րդ դեմք Մուրադ Քարայլըլանի ձերբակալության հանելուկային տեղեկությամբ։ Նրանք պնդում են, թե Իրանը երկակի խաղ է խաղում՝ մի կողմից նույնիսկ թույլ տալիս, որ թուրքական ուժերը մտնեն Իրանի տարածք եւ գործողություն իրականացնեն PKK-ի դեմ, մյուս կողմից գաղտնի աջակցում է PKK-ին»,-նշեց թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը։