«Մենք լսել ենք, որ պետական, ինչպես նաեւ հասարակական հիմունքներով մեզ օգնություն է գալիս, բայց ոչինչ չենք տեսնում»,-սեպտեմբերի 2-ին հրավիրված մամուլի ասուլիսին հայտարարել են Շիրակի մարզի կույրերի վարչության մի քանի անդամներ:
«3 ամիսը մեկ մեզ մեկ շիշ ձեթ է հասնում, բայց չեն տալիս: Պետությունը օգնություն գումար է տալիս, մեր վարչության նախագահն էլ՝ Ալբերտ Թորոսյանը, որոշել է, որ էդ օգնությունը մենք ստանալու ենք ձեթի տեսքով: Ամենաէժան ձեթն է գնում, Երեւանից է ներկրում, էն էլ բոլոիս չի տալիս: Օրինակ ես, անցած ամիս չեմ ստացել: Ասում է՝ դո՞ւ ես ինձ ասելու՝ ում տամ- ում չտամ»,-ասուլիսի ժամանակ հայտարարեց կույրերի վարչության անդամ Գայանե Ներսիսյանը:
Կույրերի վարչության անդամները դժգոհեցին նաեւ երկրի իշխանություններից ու սոցիալ տնտեսական խնդիրներից:Երվանդ Ազնավուրյանի խոսքով՝աշխատանքը ամենաառաջին խնդիրն է.«Մեզ չեն ընդունում աշխատանքի, քանի որ գյումրեցի գործարարները չեն ուզում հաշմանդամ աշխատակից ունենալ: Թերթն ունի երկու երես, իրանք մի երեսում են, իսկ մեզ հաշմանդամներիս շպրտել են մյուս երես՝ զուտ այն բանի պատճառով, որ հաշմանդամ ենք, բայց մենք առողջ մտածելակերպ ունենք»,-հայտարարել է Երւանդ Ազնավուրյանը:
Ըստ կույրերի վարչության անդամների՝իրենք ստիպված են գոյատեւել չնչին թոշակով:«Ես 28 հազար դրամ թոշակ են ստանում, դա մի օր տալու եմ սոցապ նախարարին, կամ չեմ վախենա ասել՝ վարչապետին, տեսնեմ իրենք ո՞նց են ապրում էդ գումարով ու քանի օր»,-դժգոհել է Գայանե Թադեւոսյանը:



























