Ադրբեջանը Լիբիայի Ազգային անցումային խորհուրդը ճանաչել է որպես գործող իշխանություն, նշված է այդ երկրի ԱԳՆ տարածած հայտարարության մեջ։
«Ադրբեջանը հարգանքով է վերաբերում լիբիացի ժողովրդի կամքին եւ հայտարարում Լիբիայի Ազգային անցումային խորհուրդը ճանաչելու մասին»,- ասված է փաստաթղթում։
Նշենք, որ Ադրբեջանում Լիբիայի դեսպանատանը Լիբիայի Ազգային խորհրդի դրոշը բարձրացվել էր օգոստոսի 24-ին։
Սեպտեմբերի 1-ին Լիբիայի Ազգային անցումային խորհուրդը ճանաչվել էր նաեւ Ռուսաստանի կողմից։
Օրերս Ազգային խորհուրդը, որը քաղաքացիական պատերազմի սկզբից տեղակայված էր Բենղազիում, տեղափոխվել էր մայրաքաղաք Տրիպոլի։
Հիշեցնենք, որ ապստամբները, ովքեր վերահսկում են Լիբիայի մեծ մասը, Քադաֆիի կողմնակիցներին առաջարկել են մինչեւ սեպտեմբերի 10-ը վայր դնել զենքերը, հակառակ դեպքում նրանք լայնածավալ ռազմական գործողություններ կսկսեն։
Նշենք նաեւ, որ Քադաֆիի գտնվելու վայրը դեռեւս հայտնի չէ։



























