Ցանկացած երկրի Մարդու իրավունքների պաշտպան մասամբ իշխանություններին է ներկայացնում։ Այս մասին այսօր, սեպտեմբերի 2-ին Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի 6-ամսյա գործունությունն ամփոփող ասուլիսում ասաց օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ՄԻՊ-ի թույլ դիրքերը պայմանավորված է այն հանգամանքով, որ նրան համարում են «իշխանության մա՞րդ»։
«Եթե օրենսդրությամբ նախատեսվում է, որ օմբուդսմենը պետք է ընտրվի Ազգային ժողովի ընդհանուր ձայների 2/3-ով, արդյոք կարո՞ղ է առանց օրենքի փոփոխության լինել որեւէ օմբուդսմեն, որը չասոցացվի իշխանության հետ»,-նշեց Անդրեասյանը նկատելով, որ մյուս կողմից, եթե Մարդու իրավունքների պաշտպանն ընդհանրապես չգործակցի իշխանությունների հետ որեւէ ձեւով, արդյոք կկարողանա՞ լուծել այն համակարգային եւ անհատական խնդիրները, որոնցով իրեն դիմում են: «Ցանկացած երկրի Մարդու իրավունքների պաշտպան իշխանություններին է ներկայացնում», - ասաց արդեն 6 ամիս պաշտոնավարող օմբուդսմենը:
Ըստ նրա՝ այս տարվա առաջին կիսամյակում անցած տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատած երեք անգամ ավելացել են ՄԻՊ գրասենյակի կողմից բարձրացված հարցերի դրական լուծումները: Ցուցանիշի վրա հիմնվելով Անդրեասյանը եզրակացրեց, որ Հայաստանում ՄԻՊ ինստիտուտն օրեցօր ուժեղանում է։
Պաշտոնավարման 6 ամիսների ընթացքում ՄԻՊ-ը դեռեւս չի հանդիպել Հայաստանի նախագահի եւ Սահմանադրական դատարանի նախագահի հետ, իսկ վարչապետի հետ հանդիպումը մի փոքրիկ խնդրի շուրջ է եղել։ Անդրեասյանը կարծիք հայտնեց, որ երկրի բարձրագույն իշխանության հետ հանդիպումների բացակայությունը վնասում է մարդու իրավունքների պաշտպանության ընդհանուր վիճակին, սակայն, այնուամենայնիվ մտադիր չէ հանդիպումների նախաձեռնող դառնալ։ Անդրեասյանը մտահոգիչ համարեց բանակում գրանցվող մահվան եւ բռնության դեպքերը, եւ նշեց, որ պատրաստվում է վերաբացել իր իսկ կողմից փակված արագ արձագանքման ծառայությունը։ «Մենք այժմ մի շարք ՀԿ-ների հետ համագործակցելով` աշխատանք ենք տանում, որ կարողանանք այդ սպանությունների, բռնությունների եւ այլի ժամանակ արագ տեղում հայտնվել եւ իրական մասնակցություն ունենալ դեպքի քննությանը իրավական գործընթացներին` չխախտելով օրենքը», - եզրափակեց ասաց ՄԻՊ-ը:




























