Բահրեյնի թագավորի դիվանագիտական ​​խորհրդական շեյխ Խալիդ բն Ահմեդ Ալ Խալիֆան  հայտարարել է, որ Բահրեյնը կշարունակի հարաբերություններ կառուցել Իսրայելի հետ՝ Իսրայելի համընդհանուր ընտրություններում նախկին վարչապետ Բենիամին Նեթանյահուի եւ նրա աջակողմյան դաշնակիցների հաղթանակից հետո, հայտնում է Reuters լրատվական գործակալությունը։

Արաբական առաջնորդները մեծ մասամբ լռել են Նեթանյահուի հաղթանակի մասին, ում կոշտ հակազդեցությունն Իրանին օգնել է կապեր հաստատել Պարսից ծոցի սուննի մուսուլման առաջնորդների հետ: Իսրայելը, Նեթանյահուի կառավարության օրոք, 2020 թվականին, կարգավորել է հարաբերությունները Արաբական Միացյալ Էմիրությունների եւ Բահրեյնի հետ՝ ԱՄՆ միջնորդությամբ կնքված «Աբրահամի համաձայնագիր» կոչվող փաստաթղթերի միջոցով:

Խորհրդականի խոսքով՝ Նեթանյահուի հաղթանակը «նորմալ էր եւ միշտ սպասված»։ «Մենք համաձայնագիր ունենք Իսրայելի հետ, որը Աբրահամի համաձայնագրի մաս է, եւ մենք հավատարիմ կմնանք մեր համաձայնությանը: Մենք ցանկանում ենք օրինակ ծառայել եւ հաջողության հասնել միասին ու դիմակայել բոլոր սպառնալիքներին»,- ասել է նա՝ պատասխանելով Իսրայելին ներառող անվտանգությանը բազմակողմ տարածաշրջանային մոտեցման մասին հարցին։

ԱՄՆ-ի եւ Իսրայելի պաշտոնյաները բարձրացրել են Մերձավոր Արեւելքում հակաօդային պաշտպանության ինտեգրված համակարգի գաղափարը՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի Իսրայել եւ Սաուդյան Արաբիա կատարած հուլիսյան այցի ժամանակ:

«Մենք կցանկանայինք համոզվել, որ ստիպված չենք լինի հասնել այն օրը, որ բախվենք տարածաշրջանի անվտանգության որեւէ տեսակի վատթարացմանը», - ասել է բահրեյնցի Շեյխ Խալիդը, որի երկրում տեղակայված է ԱՄՆ ռազմածովային ուժերի հինգերորդ նավատորմը: