Իսրայելը մտադիր չէ ներողություն խնդրել Թուրքիայից անցած տարի «Մավի Մարմարա» նավի վրա բախման հետեւանքով զոհված Թուրքիայի քաղաքացիների մահվան համար:
Անանուն իսրայելցի դիվանագետը հայտնել է Ֆրանս-պրես գործակալությանը, որ Իսրայելը եւս մեկ անգամ իր ափսոսանքն է հայտնում այդ մարդկանց մահվան կապակցությամբ, սակայն Անկարայից ներողություն չի խնդրի եւ կոչ է անում նրան պահպանել ծովային միջազգային իրավունքները, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:
Թուրքիայի եւ Իսրայելի միջեւ հարաբերությունները կտրուկ սրվել էին հենց «Ազատության նավատորմի» հետ պատահած միջադեպից հետո։ Միջադեպը գրանցվել էր 2010 թվականի մայիսի 31-ին։
Հինգշաբթի հայտնի է դարձել, որ որ «Ազատության նավատորմի» միջադեպի մանրամասներն ուսումնասիրող ՄԱԿ-ի հանձնաժողովը հրապարակել է զեկույցի ամբողջական տեքստը: Փորձագետները ենթադրում են, որ իսրայելցի զինվորականների գործողությունները չարդարացված են եղել, սակայն Գազայի շրջափակման հարցում օրինական են համարել է Իսրայելի գործողությունները:
Ինչպես ավելի վաղ հայտնել է NEWS.am-ը, Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, թե Իսրայելում գտնվող Թուրքիայի դիվանագիտական անձնակազմը ամենաուշը մինչեւ սեպտեմբերի 7-ը կվերադառնա հայրենիք:
«Մավի Մարմարա»-ի հետ կապված ՄԱԿ-ի զեկույցը ամերիկյան մամուլի միջոցով հայտնի դառնալուց հետո Դավութօղլուն խիստ է արձագանքել՝ շեշտելով, թե զեկույցն ավելի շատ քաղաքական է, քան իրավական, որը Թուրքիան չի ընդունելու։
Դավութօղլուն շեշտել է, թե մինչեւ սեպտեմբերի 7-ը Իսրայելում գտնվող թուրք դիվանագետները, բացի 2-րդ կարգի քարտուղարից, կվերադառնան Թուրքիա։ Նախարարը շեշտել է, թե Իսրայելի հետ կնքված միլիոնավոր դոլարների ռազմական ծրագրերն էլ առկախվելու են:



























