Մոսկվայում օգոստոսի 30-ին հրազենով սպանված ՌԴ ՆԳՆ սպա Թամազ Բրոին կապեր է ունեցել քրեական աշխարհում մեծ հեղինակություն վայելող, Դեդ Հասան մականունով «օրենքով գող» Ասլան Ուսոյանի հետ: «Новая газета»-ն իր աղբյուրներից պարզել է, որ սպանված սպան Դեդ Հասանի եւ ՌԴ ՆԳ նախարարության միջեւ կապի հիմնական օղակն էր: Չի բացառվում նաեւ, որ Բրոին քրեական տարրերի միջեւ սկսված «պատերազմի» հերթական զոհն է դարձել:
Հատկանշական է, որ վերջին շրջանում սպանվել է Դեդ Հասանի մի քանի մերձավոր՝ Կարաս մականունով Էդուարդ Կակոսյանը, Թեմուր Սադոյանը, եւ Սելվի մականունով Անդրեյ Սելվյանը:
Հենց Սելվյանն էր ապահովել Դեդ Հասանի անվտանգությունը, երբ վերջինիս վրա մահափորձ էր կատարվել Մոսկվայի Տվերսկայա փողոցում: Ոստիկանության սպայի սպանության փաստը վերլուծելով՝ NEWSru.com լրատվական կայքը եզրակացնում է, որ գանգստերների պատերազմում ներքաշվել են նաեւ իրավապահ մարմինների աշխատակիցներ, քանի որ նրանք համագործակցում են մաֆիայի հետ:



























