Ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահի օգնական Ջեյք Սալիվանը վերջին ամիսներին գաղտնի շփումների շարք է անցկացրել ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովի եւ ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւի հետ՝ միջուկային զենքի օգտագործման անթույլատրելիության եւ Ուկրաինայում հակամարտության ընդլայնման վերաբերյալ: Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով ԱՄՆ իշխանությունների եւ արեւմտյան երկրների ներկայացուցիչներին։
«Շփումների նպատակն էր էսկալացիայի կանխումը եւ շփման ուղիների պահպանումը, այլ ոչ թե Ուկրաինայում կարգավորումը», - նշում է հրատարակությունը։
Թերթի աղբյուրները չեն հստակեցրել, թե կոնկրետ երբ են եղել շփումները եւ քանիսն են դրանք եղել։ Սալիվանի մամուլի ծառայությունը չի հաստատել այդ փաստը։ Ավելի վաղ Սալիվանն ասել էր, որ ԱՄՆ-ն բարձր մակարդակով զգուշացրել է Ռուսաստանին Ուկրաինայում միջուկային զենքի կիրառման անթույլատրելիության մասին, սակայն չի հստակեցրել, թե կոնկրետ ում հետ է Մոսկվայում եղել խոսակցությունը։
The Wall Street Journal-ը Սալիվանին անվանում է Մոսկվայի հետ կապի ուղիների պահպանման կողմնակից, ինչին դեմ են հանդես գալիս վարչակազմի որոշ այլ պաշտոնյաներ:





























