Ջերմուկի բնականոն կյանքը սկսել է վերականգնվել, հանգստի եկածներ նույնպես կան քաղաքում: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 7-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը:
«Ջերմուկի հրետակոծության հետեւանքով հազարավոր մարդիկ տեղափոխվել էին այլ վայրեր: Հանգստացող տուրիստներն էլ տեղափոխվել էին ապահով վայրեր եւ հետո լքել են քաղաքը: Քաղաքի բնակչության 70 տոկոսը եւս դուրս էր եկել քաղաքից: Հիմա քաղաքի կյանքը վերականգնվում է: Բնականաբար, այն ծավալը, որը պետք է լիներ, չունենք: Դպրոցները, մանկապարտեզներն աշխատում են: Ունենք արոտավայրեր, որոնք դիտարկվում են հակառակորդի կողմից, եւ այնտեղ այլեւս հնարավոր չէ գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնել»,- ասաց Գրիգորյանը:
Մարզպետի խոսքով՝ վնասի փոխհատուցման շրջանակում Կառավարությունը մարզին տրամադրել է 50 մլն դրամ, որը հնարավոր է ապագայում ավելացվի:
Ըստ Արարատ Գրիգորյանի՝ ԵԱՀԿ դիտորդական առաքելության ներկայությունը մարզում կարող է դրական ազդեցություն ունենալ, սակայն դեռեւս վաղ է դրա մասին խոսելը:
«Իրենց գտնվելը դրական ազգդեցություն կունենա՝ որպես զսպող մեխանիզմ; Իրենց գալուց հետո կրակոցներ չեն լսվել՝ չնայած դա հարաբերական է ասված, որովհետեւ կարող են նաեւ օդ կրակել: Բայց սահմանային միջադեպ չի եղել: Քիչ ժամանակ է անցել, պետք է ուսումնասիրվի:











