Գերմանիայի կառավարությունը ցանկանում է, որ ԵՄ-ն հնարավորինս շուտ վերսկսի առեւտրային բանակցությունները ԱՄՆ-ի հետ միջանկյալ ընտրություններից հետո, երկուշաբթի օրը հայտարարել է պաշտոնական ներկայացուցիչը։

«Ցանկություն կա բանակցություններ վարել [ԱՄՆ վարչակազմի հետ նոր առեւտրային համաձայնագրի շուրջ] եւ արագ առաջ շարժվել»- Բեռլինում լրագրողներին ասել է կառավարության պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Քրիստիանա Հոֆմանը՝ հավելելով, որ դա կարեւոր է կանցլեր Օլաֆ Շոլցի կառավարության համար, հաղորդում է Politico-ն:

Հարցին, թե կարծում է արդյոք Բեռլինը, որ նման բանակցություններ սկսելու համար պայմաններ կստեղծվեն միջանկյալ ընտրություններից հետո, որոնք ակնկալվում է, որ կհանգեցնեն ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի քաղաքական դիրքերի թուլացմանը, Հոֆմանը պատասխանել է. «Մենք ելնում ենք նրանից, որ կարող ենք մտնել քննարկումների մեջ»։

Բեռլինի պաշտոնյաները նախկինում հույս էին հայտնել, որ նման առեւտրային բանակցությունները կարող են օգնել թուլացնել ԱՄՆ-ի գնաճի նվազեցման օրենքի շուրջ աճող լարվածությունը, որը Բեռլինը եւ Փարիզը, ինչպես նաեւ ԵՄ այլ մայրաքաղաքները, ԱՄՆ-ի եւ Եվրոպայի միջեւ մրցակցությունը խեղաթյուրող են համարում:

ԵՄ-ի առաջատար տնտեսության՝ Գերմանիայի կողմից նման առեւտրային բանակցությունների վճռական աջակցությունը մեծ նշանակություն ունի, քանի որ երկիրը եղել է ԱՄՆ-ի հետ գործարքի (Անդրատլանտյան առեւտրի եւ ներդրումների գործընկերություն, ԱԱՆԳ) շուրջ նախորդ բանակցությունների դեմ ուղղված հանրային բողոքի կենտրոնում: Բանակցությունները ընդհատվել են մոտ վեց տարի առաջ, երբ նվազել է Գերմանիայի քաղաքական աջակցությունը, հատկապես Սոցիալ-դեմոկրատական կուսակցության կողմից: ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի ընտրությունը, ի վերջո, մահացու հարված է հասցրել ԱԱՆԳ-ին։

Գերմանիայի ֆինանսների նախարար Քրիստիան Լինդները, ով ամիսներ շարունակ հանդես է եկել Վաշինգտոնի հետ նոր առեւտրային բանակցությունների օգտին, գերմանական Welt օրաթերթին ասել է, որ նման բանակցությունները չպետք է լինեն «տապալված ԱԱՆԳ-ի կրկնությունը»՝ կապված համաշխարհային իրավիճակի փոփոխության հետ: