Հունգարիան չի աջակցի միասնական միջոցներով Ուկրաինային օգնություն ցուցաբերելու ԵՄ-ի ջանքերին։ Այս մասին հայտարարել է արտաքին գործերի նախարար Պիտեր Սիյարտոն, հայտնում է Bloomberg-ը։
Նրա խոսքով, Հունգարիան Կիեւին աջակցություն է ցուցաբերել երկկողմանի հիմունքներով եւ կշարունակի դա անել։ Նա նշել է, որ Բուդապեշտը դեմ է ԵՄ անդամ մյուս երկրների հետ համաֆինանսավորում նախատեսող ցանկացած պայմանավորվածության։
Չորեքշաբթի օրը ԵՄ-ն Ուկրաինային 18 միլիարդ եվրոյի օգնության նոր փաթեթ կառաջարկի (2023-ի համար): Ծրագրով ԵՄ բյուջեն որպես երաշխիք է հանդես գալիս Կիեւի համար միջոցներ հայթայթելու հարցում, որը ներառում է դաշինքի կանոններում փոփոխություններ, որոնք պահանջում են 27 անդամ պետություններi միաձայն աջակցությունը:
Հունգարիան նախկինում պաշտպանել է Covid-19 համավարակից հետո դաշինքի վերականգնումը ֆինանսավորելու ԵՄ-ի որոշումը, բայց դեռ չի ստացել միջոցների իր բաժինը:
Եվրահանձնաժողովը նախատեսում է նոյեմբերի 22-ին կայանալիք հանդիպման ժամանակ քննարկել վերականգնման այս միջոցների կարգավիճակը, քանի որ Հունգարիան պետք է տարեվերջին պահպանի ԵՄ պահանջները՝ կապված օրենքի գերակայության հետ: Պաշտոնյաները աշխատում են 17 օրենսդրական ակտերում Հունգարիայի առաջընթացը գնահատելու ուղղությամբ:
«Նրանք պատժում են մեզ եւ բացահայտ շանտաժի են ենթարկում մեզ ԵՄ փողերով»,- անցյալ ամիս ասել է Օրբանը Budapester Zeitung թերթին: «Բայց դրա համար իրավական հիմքեր չկան, դա իսկական շանտաժ է»:





























