Ադրբեջանի իշխանությունները քարոզչություն են իրականացնում Արցախում ռուս խաղաղապահների դեմ։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (Արցախի Հանրապետություն) ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը։
Նախօրեին ՌԴ ՊՆ-ն պաշտոնապես հաստատել էր ադրբեջանցիների կողմից Խրամորթի ուղղությամբ Արցախի խաղաղ բնակչին գնդակոծելու մասին տեղեկությունը։
Հարցին այն մասին, որ ադրբեջանցիներն արդեն անթաքույց խաղաղապահների աչքի առաջ կրակում են խաղաղ բնակիչների ուղղությամբ, ԱԳ նախարարն ասաց․
«Մենք տեսնում ենք, թե խաղաղապահների դեմ ինչ քարոզչություն է իրականացվում Ադրբեջանում՝ այդ հանրապետության կենտրոնական հեռուստաալիքներով, պետության կողմից վերահսկվող տարբեր տելեգրամյան ալիքներով։ Այսինքն մենք տեսնում ենք ոչ միայն հրադադարի ռեժիմի խախտումներ, ինչը փաստացի կրակոց էր ինչպես Արցախի խաղաղ բնակչի, այնպես էլ ռուս խաղաղապահների ուղղությամբ, բայց մենք նաեւ տեսնում ենք ռմբակոծություններ տեղեկատվական դաշտում, ինչը ոչ պակաս կարեւոր ու վտանգավոր է»։





























