Եվրոպան երդվել է հրաժարվել ռուսական էներգիայից և ձգտում է երկրից մատակարարվող բնական գազը փոխարինել հեղուկացված բնական գազով (ՀԲԳ)։ Միայն մեկ խնդիր կա․ Մոսկվան նաև ՀԲԳ-ի խոշոր արտահանող է, ինչը նշանակում է, որ ԵՄ-ն կարող է վերջին հաշվով ռուսական գազը փոխարինել ներկրված ռուսական ՀԲԳ-ով՝ հենց նրանով, ինչից հույս ուներ խուսափել, գրում է BI-ը։
Ռուսական ՀԲԳ-ի արտահանումը տարեկան կտրվածքով աճել է 1,1 տոկոսով՝ հոկտեմբերին հասնելով 4,3 միլիարդ խմ-ի՝ հասնելով մարտից ի վեր ամենաբարձր մակարդակին։ Bloomberg-ի տվյալներով ՝ խոշորագույն ներմուծող երկրներն են եղել Ֆրանսիան, Չինաստանը եւ Ճապոնիան։
2022 թվականի առաջին ինն ամիսների ընթացքում Ռուսաստանից ԵՄ-ին ՀԲԳ-ի մատակարարումները նախորդ տարվա համեմատ աճել են 46 տոկոսով և կազմել մոտ 16,5 միլիարդ խորանարդ մետր, հայտնում է Politico-ն՝ վկայակոչելով Եվրահանձնաժողովի տվյալները:
Իհարկե, ներկրվող ՀԲԳ-ն կազմում է ԵՄ խողովակաշարային գազի ներմուծման միայն մի մասը։ Politico-ի տվյալներով ՝ ԵՄ-ն 2022 թվականի առաջին ինն ամիսներին ներմուծել է 54,2 միլիարդ խորանարդ մետր ռուսական գազ և 2021 թվականի նույն ժամանակահատվածում ՝ 105,7 միլիարդ խորանարդ մետր։
«Ռուսաստանն այժմ կարող է որպես զենք օգտագործել ՀԲԳ-ն»,-կարծում են Կոլումբիայի համալսարանի գլոբալ էներգետիկ քաղաքականության կենտրոնի հետազոտողներ Անն Սոֆի Կորբոն և Դիեգո Ռիվերա Ռիվոտան։





























