ԱՄՆ պաշտոնյաները խոշոր բանկերին գաղտնի խնդրում են շարունակել գործեր վարել ռուսական որոշ ընկերությունների հետ, հաղորդում է Bloomberg-ը՝ վկայակոչելով իրավիճակին ծանոթ անանուն աղբյուրներին:
Ֆինանսների նախարարության եւ Պետդեպարտամենտի ներկայացուցիչները կոչ են անում ընկերություններին, այդ թվում՝ JPMorgan եւ Citigroup բանկերին, շարունակել ծառայություններ մատուցել որոշ ռուսական ընկերությունների, որոնք մասամբ ազատված են պատժամիջոցներից: Ասվում է, որ շարժառիթը համաշխարհային տնտեսական ճգնաժամի հավանականության նվազումն է։
Աղբյուրները Bloomberg-ին հայտնել են, որ ռուսական ընկերությունների թվում են «Գազպրոմ» պետական գազային հսկան եւ պարարտանյութ արտադրող «Ուրալկալիյ» ՀԲԸ-ն:
Ըստ Bloomberg-ի տվյալների, պաշտոնյաները պահանջում են, որ բանկերը շարունակեն ընկերություններին տրամադրել բազային ծառայություններ, ինչպիսիք են ԱՄՆ դոլարով հաշվարկները, դրամական փոխանցումները եւ առեւտրային ֆինանսավորման առաջարկները:





























