Իրանում անկարգությունների կազմակերպիչները պատրաստվել են Թեհրանի համար ոչ բարեկամական ութ երկրներում։ Այս մասին երկրի հյուսիսում գտնվող Գոլեստան նահանգի շիա եւ սուննի իմամների ուրբաթօրյա աղոթքների նիստի ժամանակ հայտարարել է Իսլամական Հանրապետության ՆԳ նախարար Ահմադ Վահիդին, փոխանցում է Fars-ը։

«Վերջին անկարգությունների ժամանակ իրադարձությունների կենտրոնում գտնված մարդիկ պատկանել են տարբեր խմբերի։ Դրանցից մի քանիսը պատրաստվել են  Իրանի համար  ոչ բարեկամական 8 երկրներում», – գործակալությունը մեջբերում է  Վահիդիի խոսքը։

Ըստ նախարարի՝ որոշ երիտասարդներ անկարգություններին միացել են համացանցի եւ սոցցանցերի ազդեցության տակ, Իրանի թշնամական երկրներն իրենց նպատակներին հասնելու համար ձգտել են անկարգություններին էթնիկական հակամարտության բնույթ տալ։

«Թշնամին ներդրել է իր բոլոր ջանքերը։ Վերջին անկարգություններին ներգրավվել են բոլորը՝ Մոջահեդների կազմակերպությունից մինչեւ սուննի Քոմալա՝ առավելագույն ճնշում գործադրելու օգնությամբ Իրանին հաղթելու համար։ Սակայն հենց իրենք հայտարարել են, որ պարտվել են», – հավելել է Վահիդին։