Ադրբեջանական լրատվամիջոցներում եւ ինտերնետ հարթակներում շրջանառվում են հակաիրանական միտումներ։ Ավելի վաղ լուրեր էին հայտնվել, թե, իբր, իրանական նահանգներում պաստառներ են հայտնվել՝ ի աջակցություն Իլհամ Ալիեւի։ Հիմա էլ ադրբեջանական լրատվամիջոցները տարածում են «անմեղ ադրբեջանցու սպանության պատմությունը»։ Պատմությունը պատմում է Ալիեւի վարչակազմին մոտ կանգնած ռեսուրսը, որը նյութը վերնագրել է այսպես՝ «Իրանի ուժայինները գնդակահարել են 18-ամյա ադրբեջանցի Իսմայիլ Հեյդարիին»։

IranWire կայքում հրապարակված տեղեկատվության համաձայն՝ Կասպից ծովի ափին գտնվող Տոնեկաբոն գյուղի բնակիչ, ադրբեջանցի Իսմայիլ Հեյդարին ծնվել է Արդեբիլ նահանգի Մեշկինշահրե քաղաքում։ Սպանության օրը նա գնացել է իր աշխատավայր, որտեղ էլ մահացու վիրավորում է ստացել։ Մահացածի եղբոր խոսքով՝ փամփուշտը դիպել է եղբոր սրտին։ Ադրբեջանցի իրավապաշտպան Դուման Ռադմերը պնդում է, որ մահացածի ընտանիքն անմիջապես չի պահանջել Իսմայիլի մարմինը, քանի որ նրանց սպառնացել են անվտանգության աշխատակիցները: «Ընտանիքին սպառնացել են, որ եթե ԶԼՄ-ներում հայտնեն կատարվածի մասին, ապա Իսմայիլի մարմինն ընդհանրապես չեն ստանա ։ Մահացած երիտասարդի ընտանիքը պարզապես չգիտեր, թե ուր գնալ»,-ասել է իրավապաշտպանը։

Ըստ Ռադմերի՝ Իսմայիլի հայրը՝ Սարդար Հեյդարին, ցանկանում էր բողոք ներկայացնել Տոնեկաբոնի դատախազություն իր որդու սպանության վերաբերյալ, բայց չի կարողացել դա անել, քանի որ չէր տիրապետում պարսկերենին: Դատախազի օգնականն ինքն է կազմել փաստաթուղթը, եւ Հեյդարի ավագը ստորագրել է այն, թեեւ չգիտեր, թե կոնկրետ ինչ է գրված դրանում։ Իսմայիլ Հեյդարին տասնյակ երիտասարդներից մեկն է, որը զանգվածային ցույցերի ժամանակ սպանվել է իրանական անվտանգության ուժերի կողմից: Ըստ տեղեկությունների՝ ուժայինները հաճախ սպառնում են զոհվածների ընտանիքներին՝ ստիպելով նրանց տեղի ունեցածը ներկայացնել որպես «դժբախտ պատահար»։