Այսօր լրանում է Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի առաջնորդների կողմից ԼՂ հակամարտության գոտում ռազմական գործողությունների ավարտի մասին հայտարարության ընդունման երկու տարին։ Տվյալ քայլն օգնել է վերջ դնել տարածաշրջանում արյունահեղությանն ու գործարկել խաղաղ կյանքի հարթման գործընթացը։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Նա նշել է, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի փաստաթղթի համաձայն՝ ռուս խաղաղապահներ են տեղակայվել ԼՂ-ում, որոնք արդյունավետորեն իրականացնում են իրենց առջեւ դրված խնդիրները, էական ներդրում ունենում տարածաշրջանում իրավիճակի կայունացման եւ անվտանգության ապահովման գործում։

«Դա գնահատում են մեր ադրբեջանցի եւ հայ գործընկերները»,-ասել է նա։

Զախարովայի խոսքով՝ եռակողմ աշխատանքային խմբի շրջանակում մեծ աշխատանք է տարվել Հարավային Կովկասում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման գործում։ «Ռուսաստանը նպաստում է հայ-ադրբեջանական հարաբերությունների համալիր կարգավորմանը։ 2021 թվականի նոյեմբերի 26-ին առաջնորդները հայտարարություն են ստորագրել, որի համաձայն՝ ստեղծվել եւ գործարկվել է երկկողմ հանձնաժողով, որի աշխատանքի նպատակն է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատումը Ռուսաստանի խորհրդատվական աջակցությամբ»,-ասել է Զախարովան՝ հավելելով, որ տվյալ մեխանիզմի գործունեությունը ծայրաստիճան կարեւոր է տարածաշրջանում իրավիճակի կայունացման տեսանկյունից։