Գաղտնիք չէ, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի կարեւորագույն  անդամներից է եւ տարածաշրջանում ԱՄՆ-ի գործընկերը։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հիշեցրեց արեւելագետ Ռուբեն Մելքոնյանը՝ մեկնաբանելով Թուրքիայի տարածքում հակահրթիռային համակարգի տեղակայման վերաբերյալ իրավիճակը։

«Դրա համար էլ զարմանալի չէ, որ համակարգը տեղակայվում է Թուրքիայում»,- նկատեց Մելքոնյանը։ Նրա խոսքով, մյուս կողմից, այստեղ մենք տեսնում ենք իսլամական աշխարհում Թուրքիայի եւ Իրանի անթաքույց բախումն ու մրցակցությունը։

Արեւելագետի խոսքով, ՀՀՊ համակարգի տեղակայմամբ Թուրքիան լրացուցիչ հաղթաթուղթ է ստանում, ինչը միաժամանակ ԱՄՆ-ի՝ Թուրքիային սատարելու վկայություն է։ Ինչ վերաբերում է Իրանին, ապա պաշտոնական Թեհրանը փոքր-ինչ անհանգստացած է իրավիճակով։

Նշենք, որ սեպտեմբերի 2-ին հայտնի էր դարձել, որ ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի՝ հակահրթիռային պաշտպանության համակարգ ստեղծելու շրջանակներում Թուրքիայում հրթիռային հարձակման սպառնալիքի մասին վաղ զգուշացման ռադար է տեղակայվելու։ Այս մասին հայտնել էր Թուրքիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սելչուք Ունալ: