Թեհրանը պատրաստակամություն է հայտնել դեր խաղալ Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ հակամարտության կարգավորման գործում։ Այս մասին հայտարարել է Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Շամհանին Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւի հետ Թեհրանում կայացած հանդիպման ժամանակ, հաղորդում է Tasnim-ը։
«Իրանը ողջունում եւ աջակցում է Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ երկխոսության հիման վրա հրադադարի եւ խաղաղության ցանկացած նախաձեռնության եւ պատրաստ է դեր խաղալ պատերազմի դադարեցման գործում»,-ասել է նա։
Շամհանին տարածաշրջանային եւ միջազգային համագործակցությունն ու երկխոսությունը համարել է տարածաշրջանում եւ աշխարհում առկա ճգնաժամերի եւ խնդիրների միակ լուծում։ Նախազգուշացնելով այն սպառնալիքների մասին, որոնք ահաբեկչությունը եւ ծայրահեղականությունը ներկայացնում են տարածաշրջանային եւ միջազգային անվտանգության համար՝ Շամհանին ընդգծել է այդ սպառնալիքների դեմ պայքարի համար հավաքական համագործակցության պահպանման եւ ամրապնդման անհրաժեշտությունը:





























