Իսրայել պետությունը պետք է աջակցի իր դաշնակիցներին՝ Իրանի դեմ պայքարում։ Նման դաշնակիցներից մեկը Ադրբեջանն է։ Այս մասին գրում է Իսրայելի հաղորդակցության գծով նախկին նախարար Այուբ Քարան Jewish News Syndicate-ի համար իր հոդվածում։

«Ադրբեջանն արդեն սերտ համագործակցում է Իսրայելի հետ շատ ոլորտներում։ Իրանի հետ ընդհանուր սահման ունենալով՝ ադրբեջանցիները քաջատեղյակ են Իսլամական Հանրապետությունից եկող սպառնալիքին եւ հիանալի տեղեկություններ ունեն նրա չարամիտ եւ ծայրահեղական գործունեության մասին»,-ասել է նա։

Իսրայելցի նախկին նախարարը նշել է, որ  Ադրբեջանը կարող է «վճռական աջակցություն» ցուցաբերել Իրանում «բողոքի շարժմանը»։ «Ավելին, եթե մենք ամրապնդենք ադրբեջանցիներին հենց Իրանում, նրանք կկարողանան վերջապես անկախություն ձեռք բերել իրանական տիրապետությունից եւ իրենց երկիրը ստեղծել ահվազների, բելուջիների, թուրքմենների եւ շատ այլ ժողովուրդների կողքին։ Սա էլ ավելի կթուլացնի ռեժիմը։  Մենք պետք է գործենք Իրանի դեմ։ Իսրայելն ու Ադրբեջանը պետք է դա անեն միասին»,-հավելել է նա։

Նրա խոսքով՝  Ադրբեջանն Իսրայել պետության դաշնակիցն է։ «Ես հայտարարել եմ, որ մենք այլեւս չենք հանդուրժի Իրանի կողմից հովանավորվող ահաբեկչությունը, եւ մենք Ադրբեջանի հետ միասին հանդես ենք գալիս Մերձավոր Արեւելքում եւ ամբողջ աշխարհում իրանական իմպերիալիզմի դեմ»,-եզրափակել է Այուբ Քարան։