Եթե մնա Նիկոլ Փաշինյանի հույսին, ապա նա մեկ օր շուտ կստորագրեր ցանկացած պայմանով այդ խաղաղության պայմանագիր կոչեցյալը, ուղղակի ինչ-որ առումով մեր բախտը բերել է, որ դա այնքան էլ ադրբեջանցիներից ու Նիկոլ Փաշինյանից կախված չէ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց քաղաքական վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը։

«Այսինքն այստեղ կան տարածաշրջանային տերություններ, գերտերություններ, որոնք ունեն իրենց շահերը եւ որոշակի առումով ստորագրել-չստորագրելը կախված է իրենցից: Նիկոլին մնար, մի օր շուտ վազելու էր ստորագրեր: Մենք տեսնում ենք, որ արտաքին քաղաքականության մեջ  ով ինչ դեմ է տալիս, այդ մարդը պատրաստ է ընդունել: Իրեն հետաքրքրում է միմիայն այս տարածքում պահել իշխանությունը:

Նա երկիրը ղեկավարում է այնպես, ինչպես ժամանակին ղեկավարում էր իր թերթի խմբագրությունը: Իր խմբագրությունը ղեկավարելու արդյունքում ժամանակ առ ժամանակ հարձակվում էին իր խմբագրության վրա, վառում էին խմբագրությունը, ծեծում էին լրագրողներին, իրեն էլ էին մեկ-մեկ ծեծում, բայց իրեն պետք էր, որ խմբագրի իր կարգավիճակը պահի եւ փող աշխատի: Մնացածն իրեն չէր հուզում: Իրեն չէր հուզում նաեւ, թե ումից փող կվերցնի եւ ինչ կգրի: Իրեն կարեւոր էր, որ այդ փողը գա: Հիմա նույն սկզբունքը տեղափոխել է երկրի վրա, իրեն բացարձակ չի հետաքրքրում, թե ով արտաքին քաղաքականության մեջ ինչ իրեն դեմ կտա, կարեւորը ինքը ներսում պահի իշխանությունը»,-ասաց նա:

Կիվիրյանի խոսքով, հասկանալու համար, թե երբ կստորագրվի խաղաղության պայմանագիրը, կստորագրվի, թե ոչ, պետք է հասկանալ արտաքին խաղացողների շահերը. «Այստեղ մենք տեսնում ենք, որ փաստացի քննարկվում է երկու մոդել, մեկը արեւմտյանն է, մյուսը՝ ռուսականը: Անգամ եթե այդ երկու մոդելը լինեին նույնական, շատ կարեւոր է, թե ում հովանու ներքո է դա ստորագրվելու: Որ պետության հովանու ներքո ստորագրվի, տարածաշրջանի փաստացի կսկսի դանդաղ անցնել այդ պետության գերիշխանության տակ:

Եթե դա ստորագրվեց Արեւմուտքի հովանու ներքո, անկախ նրանից, թե ինչ է գրված տեքստում, ԱՄՆ-ն փորձելու է այս տարածաշրջանից հանել Ռուսաստանին: Եթե դա ստորագրվեց ՌԴ հովանու ներքո, պարզ է, որ Ռուսաստանն այս տարածաշրջանում կպահի իր դիրքերը: Ես չեմ կարող գուշակել, թե ում հովանու ներքո կստորագրվի, որովհետեւ գնում է շատ սուր մրցակցություն եւ ամեն րոպե իրավիճակ է փոխվում: Օրինակ, մենք տեսնում ենք, որ Ուկրաինայում Ռուսաստանի որոշակի անհաջողությունների արդյունքում Արեւմուտքն ինչպես ակտիվացավ այս տարածաշրջանում: Թե ում հովանու ներքո կստորագրվի խաղաղության պայմանագիրը, մեծապես կախված է Ուկրաինայում ռազմի դաշտում իրավիճակից»,-ասաց քաղաքական վերլուծաբանը: