WikiLeaks կայքի օրերս հրապարակած փաստաթղթերից մեկը ներկայացնում է Հայաստանում Վրաստանի դեսպան Գրեգորի Տաբատաձեի եւ Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Մարիա Յովանովիչի հանդիպման մանրամասները։
Հայ-վրացական սահմանի քննարկման ընթացքում վրաց դեսպանն ասել է. «Մենք միայն ցանկանում ենք, որ Հայաստանի կառավարությունը հստակ սահմանազատում մտցնի սահմանային բաժանման մեջ»: Նա հայտնել է, որ հայերը չափազանց շատ պահանջներ են ներկայացնում սահմանազատման հետ կապված բանակցությունների ժամանակ եւ ցանկանում են փոփոխել սահմանը` ավելի ընդարձակ տարածքներ ձեռք բերելու նպատակով` փոխարենը ոչինչ չառաջարկելով:
Ըստ Տաբատաձեի, Հայաստանը ցանկանում է ամեն ինչ` փոխարենը ոչինչ չառաջարկելով` կապված Վրաստանի եկեղեցիների հարցի հետ, որոնց նկատմամբ պահանջներ է ներկայացնում Հայ առաքելական եկեղեցին: Տաբատաձեն ասել է, որ Վրաստանի կառավարությունը դիմել է հայերին` առաջարկելով ստեղծել հանձնաժողով վիճելի եկեղեցիների հարցը քննարկելու համար, որին Հայաստանի կառավարությունը չի պատասխանել: «Մենք չենք ցանկանում այդ եկեղեցիները: Բոլորը գիտեն, որ դրանք հայկական եկեղեցիներ են»,- ասել է նա:
Վրացի դեսպանը նաեւ նշել է, որ հայերը չեն գնահատում այն, ինչ վրացիներն արել են իրենց համար: Իր պնդմամբ, հայերը կախված են Վրաստանից առեւտրով զբաղվելու եւ մթերքներ ու վառելիք ձեռք բերելու առումով, սակայն ըստ արժանվույն չեն գնահատում այս ամենը։
Տաբատաձեն գտնում է, որ Հայաստանի կառավարությունը նպատակադրված ձեւով ճնշում է գործադրում Վրաստանի վրա վերոնշյալ բոլոր հարցերի կապակցությամբ, քանի որ կարծում է, որ վրացական կողմը թուլացել է ռուս-վրացական պատերազմից հետո: Նա նաեւ պնդել է, որ ռուսական կողմը դրդում է Հայաստանի կառավարությանը ներկայացնել այդ պահանջները` օգտագործելով դա որպես միջոց Վրաստանի դեմ ուղղված ռուսական քաղաքականության մեջ:
Տաբատաձեն տեղեկացրել է, որ Վրաստանի ԱԳՆ-ում կա տեսակետ, որ Վրաստանը պետք է դաս տա Հայաստանին` փակելով սահմանը, եթե Հայաստանը շարունակի իր ծայրահեղական քարոզչությունը: «Մենք կարող ենք մի օր փակել սահմանը»,-հայտարարել է Տաբատաձեն:
Հեռագրում նաեւ ներկայացվում է Վրաստանի ԱԳՆ-ի մեկնաբանությունը Տաբատաձեի հայտարարությունների կապակցությամբ. «ԱԳՆ-ում եւ կառավարությունում ոչ ոք լրջորեն չի առաջարկել փակել Հայաստանի հետ սահմանը: Նման քայլը ոչ մի նշանակություն չի ունենա ցանկացած առումով: Դա խիստ բացասական կլինի հասարակական կարծիքի եւ վրացական բիզնեսի համար (որը շահույթ է ստանում Հայաստանի` Վրաստանի վրայող կատարվող առեւտրից)»:



























