Կիեւում կարծում են, որ դեռ վաղ է խոսել Խերսոնից ռուսական զորքերի դուրսբերման մասին։
«Պետք է առանձնացնել խոսքը գործից»,- Reuters-ին ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու քաղաքական խորհրդական Միխայիլ Պոդոլյակը։ «Քանի դեռ Խերսոնում չի ծածանվում ուկրաինական դրոշը, անիմաստ է խոսել ռուսական զորքերի դուրսբերման մասին… Ուկրաինան ուշադրություն չի դարձնում այդ հայտարարություններին (Ռուսաստանի)»,- ասել է նա։
«Դեռեւս վաղ է խոսել Խերսոնից ռուսական զորքերի դուրսբերման մասին՝ քաղաքում է գտնվում Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի խմբավորումը, տարածք է բերվում լրացուցիչ կենդանի ուժ։ Մեր զինված ուժերն աշխատում են իրենց ծրագրի համաձայն՝ հետախուզություն, ռիսկերի գնահատում, արդյունավետ հակահարված»,- նշել է նա։
Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, ռուսական ուժերի միացյալ խմբավորման հրամանատար, բանակի գեներալ Սերգեյ Սուրովիկինը հայտնել էր, որ որոշում է կայացվել Դնեպրի ձախ ափին պաշտպանության մասին՝ զինվորականների կյանքն ու մարտունակությունը փրկելու համար, մանեւրը կսկսվի մոտ ժամանակներս։ Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Սուրովիկինին հանձնարարել էր ձեռնարկել բոլոր միջոցները Խերսոնի ուղղությամբ զորքերը Դնեպրի աջ ափից ձախ ափ անվտանգ տեղափոխելու համար։





























