Մինչ Արցախի ժողովուրդն ու նրա բանակը սեպտեմբերի 2-ին մեծ շուքով տոնում էին ԼՂՀ անկախության հռչակման 20-րդ տարեդարձը, ադրբեջանական բանակը շփման գծի տարբեր հատվածներում շարունակում էր խախտել հրադադարի պահպանման ռեժիմը:
ԼՂՀ Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ միայն այդ օրը` սեպտեմբերի 2-ին, հակառակորդի առաջապահ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից պաշտպանական գծի հարավարեւելյան, արեւելյան, հյուսիսարեւելյան եւ հյուսիսային ուղղություններում տեղակայված հայկական դիրքերի վրա արձակել են ավելի քան 400 կրակոց:
Ադրբեջանական զինուժի կողմից ակտիվ նախահարձակ գործողություններ են իրականացվել նաեւ նախատոնական օրերին: Ընդհանուր առմամբ անցած, յոթնօրյակում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման շուրջ 350 դեպք, որի ընթացքում հակառակորդը «АК», «СВД», «ПК», «ДШК», «Սեւ նետ» եւ այլ տեսակի հրաձգային զենքերից ղարաբաղյան դիրքերի ուղղությամբ արձակել է ավելի քան 2000 կրակոց:
Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումների կողմից ձեռնարկված համարժեք գործողություններից հետո հակառակորդի ակտիվությունը ճնշվել է:



























