Պաշտոնական Անկարայի այն հայտարարությունը, թե ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի կողմից ՀՀՊ համակարգի ստեղծման շրջանակում Թուրքիայում տեղակայվելու են հրթիռային հարձակման սպառնալիքի մասին վաղ նախազգուշացման ռադարներ, այդպես էլ կմնա որպես հայտարարություն եւ ոչ ավելին: Այս մասին NEWS.am-ի թղթակիցի հետ զրույցում ասաց ՌԴ գիտությունների ակադեմիայի Արեւելագիտության ինստիտուտի գիտաշխատող Ալեքսանդր Սկակովը:
Սկակովի գնահատականներով, իրականում Թուրքիան պատրաստ չէ իր տարածքում ՀՀՊ համակարգ տեղակայել. «Վերջին 10 տարիների ընթացքում Թուրքիան փորձում է դուրս գալ ԱՄՆ ազդեցությունից, հետեւաբար, նա չի ցանկանա իրեն կապել այդ երկրի նկատմամբ նոր պարտավորություններով»:Արեւելագետը նաեւ կարծիք հայտնեց, որ պաշտոնական Անկարայի այդ հայտարարությունը պայմանավորված է ինչպես Հյուսիսային Աֆրիկայի, այնպես էլ Սիրիայի իրավիճակով: Եւ եթե իրավիճակը Սիրիայում կարգավորվի, ապա ՀՀՊ համակարգի տեղակայման հարցն ինքն իրեն կլուծվի:«Թուրքիան փորձում է մեծացնել իր դերն արաբական աշխարհում, ինչը նրա մոտ այնքան էլ լավ չի ստացվում: Այդ ուղղությամբ Թուրքիայի որոշակի քաղաքականությունը լուրջ բեկում չի առաջացրել: Ինչ վերաբերում է Թուրքիայի` «զրո խնդիր հարեւանների հետ» քաղաքականությանը, ապա նրան չհաջողվեց բարելավել հարաբերությունները ոչ Սիրիայի, ոչ Իրաքի, ոչ Հայաստանի, ոչ էլ Իսրայելի հետ»,-նշեց Սկակովը:
Պատասխանելով հարցին, թե արդյոք կիսում է այն տեսակետը, թե ՀՀՊ համակարգի տեղակայման համաձայնությունն ուղղված է Իրանի դեմ եւ ինչ կանի Իրանը, Սկակովն ասաց. «Իրանը հանդես կգա հայտարարությամբ, սակայն ոչ մի քայլ չի ձեռնարկի: Ներկայումս Իրանը Թուրքիայի համար խնդիր չէ, Իրանը խնդիր է ԱՄՆ-ի համար:
Իրնպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը, Թուրքիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սելջուկ Ունալը հայտարարել էր, որ Թուրքիայում տեղակայվելու են հրթիռային հարձակման սպառնալիքի մասին վաղ նախազգուշացման ռադարներ` ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի կողմից ՀՀՊ համակարգի ստեղծման շրջանակում: Ռադարի տեղակայման մասին որոշումն ընդունվել էր անցյալ տարի Լիսաբոնում կայացած ՆԱՏՕ-ի համաժողում, եւ Թուրքիան ծրագրի հենց սկզբից աջակցել է նախաձեռնության իրականացմանը:


























