Մի հայացք նետելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի կենսակերպի վրա` կարելի է եզրակացնել նրա անսահմանափակ հարստության մասին: «Մի բան է անհասկանալի. Գիտակցո՞ւմ է արդյոք Ալիեւը եւ արդյոք անհանգստացնո՞ւմ է նրան իր շքեղ կենսակերպի եւ Ադրբեջանի սովորական քաղաքացիների կենսակերպի միջեւ ստեղծված հսկայական տարբերությունը: Այդ քաղաքացիներից շատերը պայքարում են գոյատեւելու համար երկրում աճող մակրոտնտեսական ցուցանիշների ֆոնի վրա»,-ասված է Բաքվում ԱՄՆ դեսպանի տեղակալ Դոնալդ Լուի գաղտնի հեռագրում, որը հրապարակվել է WikiLeaks-ի կողմից:

2007 թ. հունիսի 29-ին Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանի տեղակալ Դոնալդ Լուն գաղտնի զեկույց է ուղարկել ԱՄՆ Պետքարտուղարությանը, որտեղ ներկայացնում է Իլհամ Ալիեւի` Բաքվի մոտակայքում` Մարդաքյանի ավանում գտնվող իր առանձնատանը ԳՈՒԱՄ երկրների ղեկավարների պատվին տված ճաշկերույթը: Հյուրերի մեջ են եղել Վրաստանի նախագահն իր կնոջ հետ, Ուկրաինայի նախագահը, Մոլդովայի վարչապետը, Լիտվիայի նախագահը, Բուլղարիայի փոխնախագահը, ինչպես նաեւ այլ պաշտոնատար անձիք, այդ թվում ԱՄՆ պետքարտուղար Դեվիդ Քրամերը:

Հեռագրում հաղորդվում է, որ հյուրերին առանձնատուն են տեղափոխել շքեղ ավտոբուսով, Իլհամ Ալիեւը անձամբ եւ հպարտությամբ ներկայացրել է իր առանձնատան շքեղությունները, որը շահագործման է հանձնվել 2007 թվին: Չորս ժամ տեւած հյուրընկալության ընթացքում հյուրերին մատուցվել են մեծաքանակ ճաշատեսակներ` սեւ խավիարով եւ ասետրինայով: Ընթրիքն ուղեկցվել է մասնավոր կենացներով: Առանձնատունը ճնշում էր իր չափերով եւ զարդարանքներով: Օրինակ, այնտեղ եղել են մի շարք ստորգետնյա սաունաներ եւ հսկայական լողավազան: Խոսակցություններ կան, որ դիզայնի հեղինակը նույն մարդն է, ով զարդարել է նախագահական վարչակազմի շինությունը:

Իլհամ Ալիեւը գոհ էր, որ կարողացել է տպավորել իր հյուրերին, ասված է հեռագրում: Լիտվիայի նախագահ Վալդիս Ադամկուսն ու նրա կինը Կրամերին հայտնել են, որ անհարմարավետություն են զգում (որի հետ նա ամբողջովին համաձայն է) Իլհամ Ալիեւի առանձնատան շքեղությունից: «Ինձ իմ կաբինետից դուրս կշպրտեին, եթե ես ինձ նման բան թույլ տայի»,-շշնջացել է Ադամկուսը Կրամերին: