ԱՊՀ-ն, Խորհրդային միության անկումից հետո գոնե մասամբ լուծել է իր առջեւ դրված խնդիրը, այն է՝ ԽՍՀՄ նախկին պետություններին զերծ է պահել մեծ ցնցումներից։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ստեփան Սաֆարյանը՝ անդրադառնալով ԱՊՀ 20-ամյա գործունեությանը:
«Ինչ վերաբերում է կառույցից ունեցած հետագա ակնկալիքներին, ապա դրանք առանձնապես մեծ չեն։ ԱՊՀ-ն, պարզապես, հետխորհրդային երկրներին հնարավորություն է տալիս որոշակի հաճախականությամբ շփվել, կապեր պահպանել միմյանց հետ եւ քնննարումներ ծավալել։ Դա, իհարկե, լավ է»,- նկատեց պատգամավորը՝ միաժամանակ հավելելով, որ չկա մի խնդիր, այդ թվում հայաստանյան իրականության մեջ, որի լուծման հարցում ԱՊՀ-ն զգալի դերակատարություն ունենա։
«Ժառանգություն» խմբակցության պատգամավորը, խոսելով կառույցի երկարակեցության հնարավորությունների մասին, նկատեց, որ ԱՊՀ-ն գոյություն կուենա, քանի դեռ Ռուսաստանը ցանկանում է, որ այն լինի։ «ԱՊՀ-ում, ինչպեսեւ ՀԱՊԿ-ում լոկոմոտիվը Ռուսաստանն է։ ԱՊՀ-ն կա եւ կլինի այքան ժամանակ, քանի դեռ դա անհրաժեշտ է Ռուսաստանին»,- ասաց Ստեփան Սաֆարյանը, տեսակետ հայտնելով, որ այն այնքան լուրջ առաքելություն չունի, որը թույլ կտա ասել, որ ԱՊՀ-ն երկարաժամկետ կառույց է։
Ամփոփելով՝ խորհրդարանականը նշեց, որ կառույցի փլուզումն անդամ երկրներից ձեռնտու է միայն Ադրբեջանին։ «Այդ երկիրը ԱՊՀ կազմի մեջ մտնել-դուրս գալու բարդ պատմություն ունի եւ միայն այդ փաստը բավական է, որպեսզի նա ցանկանա կառույցի փլուզումը»,- ասաց Սաֆարյանը՝ ընդգծելով, որ Ադրբեջանի՝ ԱՊՀ կազմում մնալը մեծապես պայմանավորված է երեք հանգամանքով, նախ, որովհետեւ Հայաստանն էլ այդ կառույցի անդամ է եւ Ադրբեջանը չի ուզում հետ մնալ նրանից, երկրորդ, նա հասկանում է, որ ԱՊՀ-ն Ռուսաստանի կողմից ստեղծված կառույց է, եւ դրա մասը չլինել, կնշանակի հակառուսական գործոն դառնալ եւ երրոդ, անդամության շնորհիվ թույլ չտալ Ռուսաստանին այնքան մերձենալ Հայաստանի հետ, որ նա ԼՂ հակամարտության հարցում Հայաստանի կողմը բռնի։
Նշենք, որ Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում սեպտեմբերի 3-ին բացվել է ԱՊՀ հոբելյանական գագաթաժողովը: Կառույցի 20-ամյակը լրանում է 2011 թվականի դեկտեմբերին։
Հոբելյանական գագաթաժողովին չեն մասնակցում Ուզբեկստանի, Ադրբեջանի եւ Բելոռուսի նախագահները:
Հիշեցնենք, որ Հայաստանի նախագահը Դուշանբե մեկնել էր նախօրեին:



























