Թուրքիայի նախաձեռնությամբ իսրայելա-թուրքական դիվանագիտական հարաբերությունների դադերցումն ուղղված է իրանա-իսրայելական դիմակայության ձգձգմանը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Արեւելագիտության ինստիտուտի գիտաշխատող Ալեքսանդր Սկակովը:Նրա խոսքով` Իսրայելի եւ Թուրքիայի միջեւ լարվածությունը վաղուց էր առաջացել, եւ «Ազատության տորմիղի» հետ կապված միջադեպն ընդամենը պատրվակ էր դիվանագիտական մանյովրների համար:

«Իրանն ու Իսրայելը կզբաղվեն իրենց գործերով, մինչդեռ Թուրքիան կշարունկաի տարածաշրջանում դիրքերն ամրապնդելու փորձերը:  Տվյալ պահին ոչ Իսրայելը, ոչ Թուրքիան ոչ մի քայլ չեն ձեռնարկի դիվանագիտական հարաբերությունների վերականգնման համար: Իր հերթին միջազգային հանրությունը եւս չի միջամտում  երկու երկրների հարաբերություններին»,-նշեց արեւելագետը:Սկակովը նաեւ կարծիք հայտնեց, որ գերտերություններից եւ ոչ մեկին ձեռնտու չէ միջամտել Թուրքիայի եւ Իսրայելի հարաբերություններին, անգամ ԱՄՆ-ը չի փորձում կարգավորման միջնորդ դառնալ, քանի որ զբաղված է այլ տարածաշրջաններում իր խնդիրներով:«Տվյալ պահին գործընթացին չի միջամտում նաեւ ԵՄ-ն, քանի որ վերջինիս ձեռնտու է, որ Թուրքիան խնդիրներ ունենա հարեւանների եւ տրածաշրջանի մյուս երկրների հետ, ինչն իր հերթին խոչընդոտ կլինի այդ երկրի ԵՄ անդամակցելու ճանապարհին, որտեղ նրան չեն սպասում»,-նշեց նա:

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը, Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն սեպտեմբերի 2-ին հայտարարել էր, որ Թուրքիան իր դեսպանին հետ է կանչում Իսրայելից, քանի որ վերջինս  հրաժարվում է ներողություն խնդրել «Ազատության տորմիղի» հետ կապված միջադեպի համար:Դավութօղլուն ՄԱԿ-ի զեկույցը համարել էր ավելի շատ քաղաքական, քան  իրավական, եւ  նշել էր, որ այն անընդունելի է Թուրքիայի համար:Նույն օրը անունը բացահայտել չցանակացող իսրայելցի դիվանագետը «Ֆրանսպրեսին» հայտնել էր, որ Իսրայելը ցավում է մարդկային զոհերի համար, սակայն Անկարայից ներողություն չի պատրաստվում խնդրել եւ Թուրքիային կոչ է անում պահպանել միջազգային ծովային նորմերը: