Նոյեմբերի 9-ի փաստաթղթում նշված է, որ ռուսական խաղաղապահի ուժերի տեղակայմանը զուգահեռ, Հայաստանի զինված ուժերը դուրս են բերվում շփման գծից. ըստ այդ հայտարարության, շփման ամբողջ գծում պետք է տեղակայվեն ռուսական խաղաղապահները, բայց հաշվի առնելով, որ ռուսական զորակազմի քանակը չի հերիքում, այս պահին ռուսական խաղաղապահի ուժերի տեղակայումը չի իրականացվում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Արցախի ԱԺ «Ազատ հայրենիք» խմբակցության ղեկավար Արթուր Հարությունյանը:

Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարությանը, թե Արցախի առաջարկով ինքը Սոչիում Ալիեւին առաջարկել է, որ Արցախի շուրջ ապառազմականացված գոտի ստեղծվի, արցախցի պատգամավորն ասաց. «Հենց դա է նկատի ունենում, որ ռուսական խաղաղապահների թվի ավելացմամբ, նրանք տեղակայվեն ամբողջ շփման գծի երկայնքով, այդտեղ ստեղծվի ապառազմականացված գոտի, այնուհետեւ զորքերը հետ քաշվեն շփման գծից»:

Ինչ վերաբերում է Փաշինյանի հայտարարությանը, թե ԼՂ-ի շուրջ միջազգային երաշխիքներով ապառազմականացված գոտի ստեղծելու դեպքում նման մասշտաբի պաշտպանության բանակ ունենալու կարիք ԼՂ-ն կարող է և չունենալ, արդյոք դա նշանակում է, որ ՊԲ-ն պետք է լուծարվի, Արթուր Հարությունյանն ասաց. «Ոչ, դա չի նշանակում: Ամբողջ շփման գծի երկայնքով տեղակայելով ռուսական խաղաղապահի ուժեր, ապառազմականացված գոտին ստեղծելով, պաշտպանության բանակն իրականացնելու է արդեն այլ գործառույթ: Քանի որ նոյեմբերի  հայտարարությունը եռակողմ է եղել, Սոչիում եղել է առաջարկ, որ եռակողմ համաձայնությամբ նշվի ապառազմականացված գոտի ստեղծելու մասին:

Նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ռուսական խաղաղապահի զորքերի թվակազմ է նշված 1960: Մենք հիմա ունենք 500 կմ շփման գիծ, եւ 1960 խաղաղապահները ֆիզիկապես դա չեն կարող ապահովել: Խաղաղապահները այս պահին շփման գծում կանգնած չեն, իրենք ունեն բլոկ-պոստեր հիմնական ճանապարհներին եւ ենթակառուցվածքներում: Շփման գծի ողջ երկայնքով մեր պաշտպանության բանակն է կանգնած: Նոյեմբերի 9-ի փաստաթղթում նշված է, որ ռուսական խաղաղապահների տեղակայմանը զուգահեռ մենք պետք է դուրս բերենք Արցախի բանակը շփման գծից: Եթե շփման գծի ողջ երկայնքով տեղակայվի ռուսական զորակազմը, այդ դեպքում մեր բանակը պահելու իմաստը չի լինելու: Լինելու է զորքերի հետքաշման խնդիր: Լինելու է Պաշտպանության բանակ, որի գործառույթը մնալու է ժողովրդի ինքնապաշտպանությունը կազմակերպելու գործառույթը, որի իրավունքը մենք ունենք ՄԱԿ-ի կանոնադրության համաձայն, մանավանդ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից անընդհատ հնչեցվող սպառնալիքների ֆոնին»:

Հարցին, թե ռուսները համաձա՞յն են ավելացնելու իրենց զորակազմը, այդքան ռեսուրս ունե՞ն, նա պատասխանեց. «Մենք մի քանի անգամ դիմել ենք տարբեր հայտարարությունների տեսքով, տարբեր խողովակներով, ռուսական զորախմբի քանակի ավելացման հարցով: Այս պահին դեռ արձագանք չունենք, բայց դրա անհրաժեշտությունը միանշանակ կա: Մեր առաջարկությունն , որ շփման գծի ողջ երկայնքով տեղակայվեն, որ սադրանքներ չլինեն, Քարագլխի, Փառուխի դեպքերը չլինեն: Դրա համար պետք է շփման գծում երկու կողմից էլ զինված ուժեր չլինեն»: