Արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն այսօր՝ նոյեմբերի 10–ին,  ընդունել է Լեհաստանի Հանրապետության Սենատի արտաքին հարաբերությունների եւ Եվրոպական միության հարցերով հանձնաժողովի նախագահ Բոգդան Կլիխին։

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ԱԳՆ–ից, հանդիպման ընթացքում քննարկվել է հայ-լեհական երկկողմ օրակարգին առնչվող հարցերի լայն շրջանակ, ինչպես նաեւ՝ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ոլորտներում փոխգործակցության հեռանկարների վերաբերյալ հարցեր։

Նախարարի տեղակալը հանգամանալից ներկայացրել է ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ սեպտեմբերի 13-14-ին սանձազերծված ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով ստեղծված իրավիճակը եւ անդրադարձ կատարել 44-օրյա պատերազմի եւ ադրբեջանական ագրեսիաների հետեւանքով առաջացած մի շարք կարեւոր հումանիտար խնդիրների։

Կողմերը մտքեր են փոխանակել նաեւ միջազգային եւ տարածաշրջանային օրակարգի մի շարք հարցերի շուրջ։