Ռուսաստանի դեմ մտցված պատժամիջոցների մեծ մասն անատամ է։ Ռուսաստանի ցավոտ տեղին հարվածելու համար աշխարհը պետք է էներգիա չգնի նավթագազային հսկայից։ Բայց ՌԴ-ի դեմ էներգետիկ պատժամիջոցներ մտցնելը այն դեպքում, երբ Եվրոպան կախված էր ռուսական նավթից եւ գազից, լավագույն դեպքում պյուռոսյան հաղթանակ կլիներ։ Բավական քանակությամբ լրացուցիչ էներգառեսուրսների ապահովումը հեշտ գործ չէ, տեղեկացրել է OilPrice.com-ը։

Մինչ Եվրոպան փորձում էր թուլացնել կախվածությունը ռուսական էներգակիրներից, Կրեմլը հասցրեց պատասխան հարվածը, եւ եվրոպական շուկաները շարունակում են դժվարություններ կրել։

Մեկ ամսից հետո Եվրամիության երկրներին այլեւս թույլ չի տրվի ըստ օրենքի ծովային բեռներ գնել Ռուսաստանից, քանի որ միությունը շարունակում է ավելացնել պատժամիջոցները։

Չնայած արեւի էներգիայի ավելացումը հուսադրող նորություն է Եվրոպայի եւ կլիմայի համար, այդ լրացուցիչ արտադրական հզորությունները կապահովեն միայն էներգիայի մի մասը շուկայում՝ չփակելով Ռուսաստանից էներգակիրներ չկրելու պատճառով գոյացած հսկայական ճեղքը։ Արդյունքը կլինի տնտեսական անկումը ինչպես Եվրամիությունում, այնպես էլ Ռուսաստանում, գլխավոր հաղթողը կդառնա Մերձավոր Արեւելքը։

Նավթավերամշակման գործարաններն ամբողջ աշխարհում արդեն շտապում են առաջիկա տարում գործարքներ կնքել եւ երաշխավորել հում նավթի մատակարարումները Մերձավոր Արեւելքից։

Բայց որոշ նավթավերամշակող գործարաններ կարող են մերժվել, քանի որ ՕՊԵԿ+-ն արդեն համաձայնել է զգալիորեն կրճատել արդյունահանումը՝ ի մեծ հիասթափություն Արեւմուտքի։ Սպառնացող գլոբալ ռեցեսիան եւ շարունակվող սահմանափակումները Չինաստանում կնվազեցնեն նավթի պահանջարկը, դրա հետ կապված՝ ՕՊԵԿ-ի երկրները կփորձեն եկող տարի պաշտպանել իրենց պոտենցիալ կորուստներից։

Արդյունքում՝ նավթ ներմուծող երկրները բարդ պատկերի առջեւ կկանգնեն. մի կողմից՝ նավթի համաշխարհային պահանջարկը առաջիկա տարում կարող է զգալիորեն պակասել, մյուս կողմից, եթե Եվրոպան սկսի գնել մերձավորարեւելյան նավթը, դա կարող է հանգեցնել «ԱՄՆ-ից, Հյուսիսային ծովից եւ անգամ Պարսից ծոցից սփոթային բեռների համար մրցակցության ուժեղացման»։ Եվրոպայի հանկարծակի հետաքրքրությունը ոչ ռուսական նավթով կարող է դժվարություններ ստեղծել ասիական ներմուծողների համար։ Հյուսիսային ծովից եւ Ղազախստանից բեռները նույնպես սկսել են ավելի շատ գնվել եվրոպացիների կողմից՝ ավելի քիչ հնարավորություններ թողնելով ասիական նավթավերամշակողներին, որոնք խուսափում են ռուսական նավթատակառներից։

Այս ամենը վկայում է այն մասին, որ 2023թ. նավթի շուկաների հեռանկարները, մեղմ ասած, բարդ են։ Իսկապես, ընթացիկ տնտեսությունն ամեն տեսակ տեղեկություններ եւ խառնաշփոթ ցուցիչներ է հղում, որոնց պատճառով անգամ բարձրամակարդակ փորձագետները չեն հասկանում, թե որ ուղղությամբ են փչում քամիները։ Օդում այս ամբողջ անորոշությամբ հանդերձ՝ սա կոշտ մթնոլորտ է կարեւոր էներգետիկ որոշումներ կայացնելու համար։