Կրեմլում Խերսոնից հեռանալը եւ Դնեպրի ձախ ափ զորքերի վերատեղաբաշխումը նվաստացուցիչ չեն համարում, լրագրողների հարցին ի պատասխան ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում  է «ՌԻԱ Նովոստին»։

Նա ընդգծել է, որ դրանից տարածաշրջանի կարգավիճակը չի փոխվել։ «Դա  Ռուսաստանի Դաշնության սուբյեկտ է։ Օրենսդրորեն այդ սուբյեկտը ամրագրված է, սահմանված։ Այստեղ չկան փոփոխություններ եւ չեն կարող լինել», - ասել է Պեսկովը՝ պատասխանելով լրագրողների հարցերին այն մասին, թե արդյոք Ռուսաստանը շարունակում է ողջ Խերսոնի մարզը համարել իր տարածքը եւ արդյոք իրավաբանորեն գրանցելու է աջափնյա մասի կարգավիճակը։

Նա նաեւ լրագրողներին առաջարկել է  դիմել Պաշտպանության նախարարություն  Խերսոնի ուղղությամբ տիրող իրավիճակի վերաբերյալ մեկնաբանություններ ստանալու համար։

Ռուսական զորքերի միացյալ խմբավորման հրամանատար, բանակի գեներալ Սերգեյ Սուրովիկինը չորեքշաբթի հայտարարել էր, որ որոշում է կայացվել Դնեպրի ձախ ափին պաշտպանության մասին՝ զինվորականների կյանքը եւ մարտունակությունը պահպանելու համար։ Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Սուրովիկինին հանձնարարել է ձեռնարկել բոլոր միջոցները Խերսոնի ուղղությամբ զորքերը Դնեպրի աջ ափից ձախ ափ անվտանգ տեղափոխելու համար։