Ես Սոչիում հնչեցրել եմ Լեռնային Ղարաբաղի իշխանությունների առաջարկը՝ ԼՂ շուրջ ստեղծել ապառազմականացված գոտի միջազգային երաշիքներով, որը հետագայում կարծում եմ՝ կդառնա քննարկման նյութ: հարցազրույցում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ես չեմ ուզում հիմա իրենց ռեակցիայի մասին որեւէ բան ասել, հետո պարզվի, որ ես այդ արձագանքը ճիշտ չեմ մեկնաբանում: Ես կարող եմ ասել, որ առաջարկը դրել եմ սեղանին, մնացածն արդեն հետագա քննարկումներում թող երեւա եւ արտահայտվի»,-ասաց նա:
Անդրադառնալով հայկական կողմի առաջարկին, ըստ որի, զորքերը պետք է հետ քաշվեն 1991 թվականին վերահաստատված սահմանից, սահմանի երկու կողմից ստեղծելով 3 կիլոմետրանոց ապառազմականացված գոտի, Փաշինյանն ասաց. «Շատ կարեւոր է արձանագրել մի կարեւոր նրբություն. Եթե Ադրբեջանն ասում է, որ Հայաստանը եւ Ադրբեջանը փոխադարձաբար ճանաչել են 1991-ի սահմանը եւ հետեւություն է անում, որ դրանով Արցախի հարցը փակված է, դրանից առաջ մի հարց պետք է տալ, եթե 1991-ի սահմանը փոխադարձաբար ճանաչված է, ի՞նչ են անում ձեր զորքերը, օրինակ, Վերին Շորժայի, Ջերմուկի մոտակայքում, Սեւ լճի հարավային ափի մոտակայքում եւ այլն: Ձեևր զորքերը պետք է վաղուց դուրս եկած լինեին, կամ առնվազն Պրահայի հանդիպումից անմիջապես հետո:
Մենք արել ենք նույն առաջարկը, որն արել ենք 2021-ին, այս անգամ ավելի մանրամասն, որ եթե ընդունում ենք 1991-ի սահմանագիծը, ուրեմն պետք է փոխադարձաբար մեր զորքերը հետ տանենք այդ սահմանագծից: Այսինքն այդ գծից այն կողմ ՀՀ-ն զորք պետք է չունենա, իսկ գծից այս կողմ Ադրբեջանը պետք է զորք չունենա: Մենք առաջարկում ենք 3 կմ-անոց դեմիլիտարիզացված գոտի ստեղծել: Դա նշանակում է, որ բանակի ստորաբաժանումները պետք է այդ գոտուց դուրս բերվեն, իսկ այդ մասին պահպանությունը հանձնվի սահմանապահ զորքերին Հայաստանի եւ Ադրբեջանի կողմից:
Իհարկե, այդտեղ որոշակի տեխնիկական բնույթի առաջարկներ կան, թե ինչպես ստեղծել այդ ապառազմականացված գոտին, որ մարդկանց բնականոն կյանքը չխաթարվի, մյուս կողմից անվտանգության սպառնալիքներ չստեղծվեն»,-ասաց նա:





























