Չիլիի ռազմաօդային ուժերի ինքնաթիռի օդանավի աղետն ավարտվել է 21 ուղեւորների մահով: Այս մասին հայտարարել է այդ երկրի պաշտպանության նախարար Անդրես Ալյամանդը, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
«Գալիս ենք այն եզրահանգման, որ աղետն այնքան հզոր է եղել, որ օդանավում գտնվողներն ակնթարթորեն մահացել են»,-ասել է նա:
Ողբերգությունը տեղի է ունեցել ուրբաթ, Խուան Ֆերնանդես կղզիների շրջանում, որոնք գտնվում են մայրցամաքից 670 կմ հեռավորության վրա:
Իսպանական արտադրության «Կասա- 212» օդանավում 21 մարդ է գտնվել: Նրանց թվում եղել են պետական հեռուստաընկերության 5 լրագրողներ, հայտնի ձեռնարկատեր Ֆելիպե Կուբիլյոսը, մշակույթի ոլորտի պաշտոնյաներ եւ ռազմաօդային ուժերի ներկայացուցիչներ: Առայժմ հաջողվել է հայտնաբերել նրանցից միայն չորսի մարմինները:


























